Մայիսի 12-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ներկայացուցիչները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով:

Է. Նալբանդյանը անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ ԼՂ խնդրի հանգուցալուծման հնարավորություններին, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման խնդիրներին: ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում ներկայացրել է անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում ելույթ են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, ինչպես նաեւ անդամ երկրների 14 ներկայացուցիչներ, որոնք բարձր են գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

Այնուհետեւ նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին երկրի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններն իրենց պետությունների անունից աջակցություն են հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունություն եւ անվտանգության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին նախորդել էր ՀՀ ԱԳ եւ պաշտպանության նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի հետ, որի ժամանակ քննարկվել են Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը: Նալբանդյանն ու Օհանյանը վերահաստատել են ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Կլաուդիո Բիզոնիերոն շնորհակալություն է հայտնել Հայաստանին` Աֆղանստանում խաղաղապահ գործողությանը արդյունավետ մասնակցելու համար: