Մայիսի 12-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Ամբաստանյալ Լեւոն Ավագյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին, ինչը ենթադրում է, որ դատաքննության ընթացքում չեն հետազոտվում գործով ձեռքբերված ապացույցները, չեն հարցաքննվում վկաները, ամբաստանյալը ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, և պատժաչափը չի կարող լինել առավել, քան նշված նորմով սահմանած պատժաչափի երկու երրորդը։
Դատավոր Գաբրիելյանը բավարարել է ամբաստանյալի միջնորդությունը եւ որոշում է կայացրել կիրառել արագացված դատաքննության կարգ:
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանն ընդունել է այն, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ, իսկ որպես մեղմացնող հանգամանք այն, որ ամբաստանյալն ամուսնացած է, ունի երեխաներ, աշխատանքային կոլեկտիվի կողմից բնութագրվում է դրականորեն, զղջացել է կատարածի համար և ընդունել է մեղքը:
Այնուհետ դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլ: Դատախազ Բադիկյանը պահանջել է Լեւոն Ավագյանին դատապարտել 1 տարի 6 ամսվա ազատազրկման։ Դատական նիստը հետաձգվել է մինչև մայիսի 19-ը, քանի որ գործով տուժող կողմի ներկայացուցիչները միջնորդել են ժամանակ տրամադրել իրենց ճառը նախապատրաստելու համար: Հաղորդում է «Ազատությունը»:
Հիշեցնենք, որ երբ երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը առաջին անգամ բարձրաձայնել էր այդ փաստի մասին, Լ. Ավագյանը դատի էր տվել վերջինիս` իբր իրեն անվանարկելու համար:




























