«Ռուս-թուրքական հարաբերությունները երբեք մեզ վրա չեն կարող ունենալ էական ազդեցություն, փչացնել մեր հարաբերությունները որեւէ երկրի հետ, եթե մենք մեզ չփչացնենք ու մենք մեր հերը չանիծենք։ Մեր գլխավոր թշնամին միշտ էլ մեր ներսում է եղել, ոչ թե այլ երկրների հարաբերությունների մեջ»,- NEWS.am-ի հետ զրույցում, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական մերձեցմանը, եւ հավելեց. «Ոչ մի ռուս, ոչ մի թուրք կամ գերմանացի չի կարող մեզ երբեք վնաս տալ, եթե մենք ինքներս մեզ չվնասենք»։

Արշակյանն առայժմ չցանկացավ գնահատական տալ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների նոր որակին, սակայն ասաց, որ այդ հարաբերությունները չպետք է Հայաստանում խանդ առաջացնեն։ «Ռուսներն, անշուշտ ունեն իրենց շահերը եւ այդ շահերն են հետապնդում ցանկացած երկրի հետ հարաբերություններում։ Մենք էլ պետք է ուրիշների հետ բարեկամության մեջ մեր շահերին հետամուտ լինենք՝ իրար չկոտորելով, իրար գլխի մարտի 1 չսարքելով։ Սա է խնդիրը։ Իսկ եթե մենք մեզ չդրսեւորենք որպես խելոք երկիր, ապա Թուրքիան ու Ռուսաստանը իրար հետ լավ էլ լինեն՝ մենք տուժելու ենք, վատ էլ լինեն՝ էլի տուժելու ենք», նշել է Արշակյանը։