Ուժեղ պայթյուն է որոտացել Հունաստանի խոշորագույն բանտի մերձակայքում, որը գտնվում է Աթենքի արվարձանում: Մեկ մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին:
Ոստիկանության տվյալներով, պայթյունը, որ լսվել է մի քանի կիլոմետրից, տեղի է ունեցել Կորիդալլոս արվարձանում գտնվող բանտի մոտ: Միակ տուժյալը մի կին է: Նա տեղափոխվել է հիվանդանոց, կյանքին ոչինչ չի սպառնում: Բանտի մոտ գտնվող շինություններն աննշան վնասվածքներ են ստացել: Առայժմ երկրում գործող արմատական խմբավորումներից եւ ոչ մեկն իր վրա չի վերցրել պատասխանատվությունը: Գործակալության տվյալներով, պայթյունին նախորդել է հեռախոսազանգը, որը Աթենքի թերթերից մեկին նախազգուշացրել է միջադեպի մասին:



























