ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը խոստովանում է, որ 25 հազար դրամ միջին կենսաթոշակով հնարավոր չէ մեկ ամիս ապրել: Այս մասին նա ասել է այսօր` մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Դիտարկմանը, թե թոշակառուները պաշտոնյաներին առաջարկում են 25 հազար դրամով գոնե մեկ ամիս ապրել, Խաչիկյանն արձագանքել է. «Հարցը հռետորական է, եւ չեմ կարծում, թե որեւէ պաշտոնյա կփորձի ապրել միջին կենսաթոշակի չափով։ Մենք, բարեբախտաբար, ունենք մի հասարակություն, որը հիմնված է նաեւ սոցիալական գործընկերության եւ համերաշխության վրա, որտեղ ավելի հարուստները օգնում են ավելի աղքատներին, ավելի առողջներն օգնում են ավելի հիվանդներին, զավակներն օգնում են իրենց ծնողներին։ Փառք Աստծո, մենք դեռ չենք հասել այն հասարակական վիճակին, երբ որ կենսաթոշակառուն անջատ է, եւ իր զավակը նրան չի օգնում։ Անշուշտ, դժվար կլինի այն մարդկանց վիճակը, ովքեր կփորձեն ապրել այդ միջին կենսաթոշակով, բայց չմոռանանք նաեւ, որ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր պետություն կարողանում է վճարել այնքան, որքան իր հնարավորությունն է»,-նշել է նա:

Հարցին, թե կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի առնվո՞ւմ է այն փաստը, որ մարդիկ իրար կարող են օգնել, Վազգեն Խաչիկյանը բացասական պատասխան է տվել. «Մենք մեր հաշվարկների հիմքում այդպիսի բան չենք դնում, պետության հնարավորություններից ելնելով ենք հաշվարկում»: