«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը մտահոգություն է հայտնել, երբ հնչում են հայտարարություններ, իբր «Վերին Լարս» անցակետը պետք չէ ոչ Հայաստանին, ոչ` Վրաստանին, որ այն պետք է միայն Ռուսաստանին, որը ցանկանում է զենք-զինամթերք տեղափոխել Հայաստան՝ վերազինելու Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազաները: Այս մասին Գ. Աղաջանյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մենք այդ անցակետով բեռներ տեղափոխել ենք, տեղափոխում ենք եւ տեղափոխելու ենք։ Հատկապես գյուղատնտեսական արտադրանքի համար այդ անցակետը անփոխարինելի է»,- ասել է նա, ու հավելել, որ պետք չէ քաղաքականացնել այդ հարցը:
«Վրացական կողմից միակ պաշտոնական տեսակետը ներկայացրել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանը, որն ասել է, թե անցակետը բացվել է Հայաստանի համար, սակայն եթե ծառայի երրորդ երկրի շահերին, կփակվի»,- նշել է Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ եւ՛ Ռուսասատանի, եւ՛ Վրաստանի տարածքում գտնվող անցակետերը վերազինված են արդիական սարքավորումներով, հետեւաբար հնարավոր չէ զենք-զինամթերք անցկացնել:
«Ապավենի» տնօրենը հույս է հայտնել, որ «Վերին Լարս»-ով տեղափոխվող բեռների ծավալը գնալով կավելանա, քանի որ մայիսի 22-ից բեռնատարներին նույնպես թույլատրվում է հատել անցակետը։ «Ճանապարհը ցանկացած տիպի փոխադրումների համար բաց է, սահմանափակումներ չկան։ Մայիսի 21-ին Ռուսաստանում կուտակվել էր 20 բեռնատար, որոնք, սահմանափակումները վերացնելուց հետո, մայիսի 23-ին հասան Երեւան»,- ընդգծեց բանախոսը։
Նշենք, որ մարտ-ապրիլ ամիսներին հայկական կողմից անցակետը հատել է 500-ից ավելի միավոր ավտոմեքենա եւ դա աճելու միտում ունի:



























