«Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնող խումբը կոչ է արել երեւանցիներին հունիսի 1-ին իրենց երեխաների հետ այցելել «Ուսանողական այգի», որն այս օրերին բետոնապատվում է:
Նախաձեռնության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է, ու այդ օրը երեխաները հենց իրենք են դուրս գալու բակեր, այգիներ՝ պաշտպանելու իրենց խաղադաշտը, հանգստյան գոտին, առողջ միջավայրը… Եկեք տա՛նք երեխաներին հնարավորություն՝ յուրովի մեկնաբանելու այն, ինչ այսօր կատարվում է մեր այգիներում, կանաչի, կենաց հողի, տերեւների, ծաղկունքի հետ:
Հունիսի 1-ին,ժամը 17-19-ը եկե՛ք Ուսանողական այգի ձեր երեխաների հետ, թող նրանք իրենց խոսքն ասեն, կոչը հնչեցնեն, բնությունը գովերգող երգն ու հեքիաթը պատմեն, խառնվեն այգուն, փայփայեն այգին ու փրկեն իրենց այգին…
Բերեք շնիկներ, որոնք կարող են խաղալ երեխաների հետ՝ առանց նրանց վնասելու, բերեք փուչիկներ, կավիճներ, խաղեր, երգեր ու ժպիտներ»:



























