Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, որը վերջերս Հայաստանի իր գործընկերոջ հետ խաղաղարար ու մարդասիրական շրջագայություն էր ձեռնարկել Հայաստան-Լեռնային Ղարաբաղի հանրապետություն-Ադրբեջան երթուղով, մտադիր է դարձյալ այցելել ղարաբաղյան հակամարտության գոտի, սակայն այս անգամ՝ զենքը ձեռքին։ Նա լրագրողներին հայտարարել է, որ եթե հայերը չսեղմեն մեկնված ձեռքը, ադրբեջանցիները ստիպված կլինեն այլ միջոցների դիմել։

Ադրբեջանցի երգիչ-դիվանագետը հայտարարել է, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը խաղաղությամբ չլուծվի, ապա ինքը պատրաստ է զենք վերցնել եւ գնալ Ղարաբաղի դեմ կռվելու։ «Ես հավատում եմ, որ ողջ ժողովուրդը պատրաստ է դրան։ Այս հարցը պետք է լուծվի՝ կամ խաղաղությամբ, կամ պատերազմով։ Մեր պատվիրակության այցը քաղաքական բնույթի չէր։ Նրանք, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, նույնպես Ադրբեջանի քաղաքացիներ են։ Պետք է խոսել նրանց հետ, որպեսզի հասկանալ, թե ինչպես կարելի է իրար հետ ապրել։ Ես այնտեղ ասել եմ եւ կրկնում եմ եւս մի անգամ, ադրբեջանցիները եւ հայերը վաղ թե ուշ պետք է միասին ապրեն։ Մենք պետք է ջանանք, որ հակամարտությունը խաղաղությամբ ավարտվի, եւ հասարակությունը դրան պարտաստ լինի», նշել է նա։

Ըստ երեւույթին Բյուլբյուլը կարծում է, թե Ղարաբաղի համար կռվելու մտադրությունը, այսինքն ընդդեմ Ղարաբաղի ժողովրդի, իր իս տրամաբանությամբ, ընդդեմ սեփական քաղաքացիների՝ կարող է հիմնավորապես վերացնել երկու ժողովուրդների հաշտեցման բոլոր խոչընդոտները։

Արժե նշել, որ մինչ Լեռնային Ղարաբաղ ուղեւորվելը՝ ադրբեջանական դեսպանը Մոսկվայում հայտարարում էր, որ ինքը ղարաբաղյան տարածք կմտնի միայն Ադրբեջանի կողմից։ Եվ չառարկեց, որ իր գործընկերը՝ Արմեն Սմբատյանը Լեռնային Ղարաբաղ մտնի ոչ թե Ադրբեջանի կողմից, այլ Հայաստանից ։ Սակայն, ի վերջո, երկու դեսպաններն էլ ԼՂՀ մտան Հայաստանով՝ Լաչինի միջանցքով ։ Այսպիսով հարգելի Փոլադը պարզապես ստեց։ Իսկ այժմ արդյո՞ք նա դարձյալ սուտ չի խոսում, երբ ասում է, թե պատրաստ է զենքը ձեռքին նվաճել Արցախը։ Դժվար թե։ Այնպես որ՝ բռնվեցի՜ր, սուտլիկ որսկան…