Շաբաթ Սիրիայի հյուսիսում քուրդ ձեւավորումները փոխանցել են Իրաքի իշխանություններին ավելի քան 100 կալանավորի, որոնք մասնակցել են մարտական գործողություններին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում: Firat գործակալության հաղորդմամբ՝ նրանք բոլորն Իրաքի քաղաքացիներ են եւ 2019 թվականից գտնվել են Հասեք քաղաքի բանտում (Դամասկոսից 600 կմ հեռավորության վրա), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տեղեկություններով՝ ավելի վաղ քրդերի վարչակազմի ու իրաքյան կառավարության միջեւ համաձայնագիր էր կնքվել նախկին զինյալներին փոխանցելու մասին, որոնց հարցով ներկայում կզբաղվեն Իրաքի դատական մարմինները: Նոյեմբերին Հասեքում կասեցվել է վտանգավոր կալանավորների փախուստը կազմակերպելու փորձը. բանտի տարածքում հայտնաբերվել են զենքի թաքստոցներ:

2020 թվականին կանանց եւ երեխաների մեծ խումբ է դուրս բերվել դեպի Իրաք Էլ Հոլ տեղահանված անձանց համար ճամբարից: Նախկին ահաբեկիչների ընտանիքները բնակեցվել էին այնտեղ 2019 թվականին, երբ քուրդ ջոկատները գրավել էին Եփրատի արեւելյան ափին ԻՊ-ի վերջին հենակետը:

Մարդու իրավունքների խախտումները հետաքննող անկախ միջազգային հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ Էլ Հոլ գերբնակեցված ճամբարում հակահամաճարակաբանական պայմաններում բնակվում է 60 հազար մարդ, այդ թվում՝ 55 հազար կին եւ երեխա, որոնց մեծամասնությունը Սիրիայի ու Իրաքի քաղաքացիներ են: Ճամբարում կան կրթական եւ առողջապահական ծառայությունների հասանելիության խնդրիներ, աճում է մանկական մահացությունը: 2019 թվականից Էլ Հոլից ազատ է արձակվել ավելի քան 8,5 հազար սիրիացի, ներառյալ՝ շուրջ 4,7 հազար երեխա: 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021-ի հունիս 13 երկրներից 378 կին եւ նրանց երեխաները վերադարձվել են հայրենիք: