Ձվի եւ թռչնամսի գների աճի գործոնները պահպանվում են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Նա պարզաբանեց, որ 2021 թվականը սկսվել է դժվարություններով, մասնավորապես՝ արտադրական գլխաքանակի համալրման հետ կապված։ Կորոնավիրուսային սահմանափակումներից բացի, Ռուսաստանում թռչնագրիպի բռնկում եղավ, ինչը դժվարություններ առաջացրեց համաձայնագրերի կատարման հարցում։ Այնտեղ (ՌԴ հարավային շրջաններում) ձեռնարկությունները փակ են՝ թռչնագրիպի հետ կապված սարսափելի իրավիճակի պատճառով։ Ռուս արտադրողներն արդեն շուրջ 5 միլիոն գլուխ թռչուն են կորցրել։
«Մինչեւ ապրիլ մենք չէինք կարող գլխաքանակ ներկրել։ Դա հանգեցրեց նրան, որ ձվի եւ թռչնամսի արտադրության ծավալները, նախորդ տարվա համեմատ, սկսեցին հետ մնալ (10 ամսվա արդյունքներով ձվի եւ թռչնամսի արտադրությունը նվազեց 4%-ով)։ Այնուհետեւ աստիճանաբար փոխհատուցվեց առաջին եռամսյակում ձեւավորված դեֆիցիտը։ Հիմա արդեն մոտեցել ենք նախորդ տարվա ցուցանիշներին։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ներկրվել է թռչնի մեծ խմբաքանակ՝ թռչնամիս ապահովելով ամանորյա տոների, իսկ ֆորս-մաժորային իրավիճակի բացակայության դեպքում՝ նույնիսկ Սուրբ Զատկի համար»,- հավելեց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ շատ լուրջ խնդիրներ են առաջանում ճանապարհներին, այդ թվում՝ «Վերին Լարս» հսկիչ-անցակետում՝ երկու ուղղություններով մեքենաները մի քանի օր կանգնեցնում են, ընդ որում՝ ե՛ւ դատարկները, ե՛ւ բեռնվածները։ Ներմուծման ժամանակ լոգիստիկ դժվարությունների խնդիրն ակնհայտ է, եւ արտադրողներն այդ խնդիրը առաջին անգամ չէ, որ բարձրացնում են։
«Ինը ամիսների ընթացքում Ռուսաստանից հացահատիկային անասնակեր ներկրելով (օրական 20-25 մեքենա անասնակեր է բերվում)՝ ամեն ամիս գներն աճում էին 5 տոկոսով։ Սա է այս տարի Հայաստանում ապրանքների գների սրընթաց աճի պատճառը, քանի որ արտադրության ինքնարժեքի 60-65%-ը գոյանում է հացահատիկային կերի գների հաշվին։ Բացի այդ, եթե ամեն տարի Ղարաբաղից բերում էինք 30 000 տոննա հացահատիկային անասնակեր (ընդհանուր պահանջարկի 20%-ը), ապա հիմա Ղարաբաղն արդեն մեզնից է խնդրում։ Մյուս պատճառը տոհմային թռչնաբուծության բացակայությունն է, ինչը կարող էր մեր երկրում վերարտադրություն ապահովել։ Սա հնարավորություն կտար ինկուբացիոն ձու եւ ճտեր չներմուծել, ինչը անդրադառնում է գնի վրա, իսկ թռչնագրիպի պայմաններում այն կարող է նաեւ համաճարակաբանական ռիսկեր պարունակել։ Մենք պետք է ունենանք սեփական տոհմային թռչնաբուծություն։ Դրա համար պետական մոտեցում է անհրաժեշտ»,- եզրափակեց նա։





























