Մայր Աթոռը գումար չի ծախսել Toyota մակնիշի 7 ավտոմեքենաների ձեռքբերման համար, դրանք նվիրատվություն են: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գարեգին Բ-ի մամուլի խոսնակ Տեր-Վահրամ քահանա Մելիքյանը` անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե վերջին տարում Մայր Աթոռը վերջին տարում Toyota մակնիշի 7 ավտոմեքենաներ է ձեռք բերել` 309 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ:
Նրա խոսքով, բարերար Սամվել Կարապետյանը 2 տարի առաջ Մայր Աթոռին Toyota մակնիշի 6 մեքենա է նվիրաբերել. եւս մեկ ուղեւորատար Toyota ավտոմեքենա Մայր Աթոռին նվիրաբերել է հոլանդացի մի ուխտավոր:
«Այդ մեքենաները ձեռք բերելու համար Մայր Աթոռը որեւէ գումար չի ծախսել: Բարերարն ինքն է մեքենաները գնել եւ հատկացրել Մայր Աթոռին: Ծիծաղելի է մտածել, որ 6 հազար աշխատակից ունեցող Մայր Աթոռի համար մի քանի արտասահմանյան մեքենա ունենալը ճոխություն է»,- ասել է Մելիքյանը:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, միայն վերջին տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանում ճապոնական Toyota կոնցեռնի ներկայացուցիչ Toyota-Երեւան ընկերությունից ձեռք է բերել 309 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 7 ավտոմեքենա:
Մայր Աթոռի կողմից, մասնավորապես, ձեռք է բերվել Toyota Corolla 1.6 մակնիշի 4 ավտոմեքենա, յուրաքանչյուրի արժեքը` $26.500, Toyota HiAce միկրոավտոբուս ($56.000), Toyota Camry 3.5 մակնիշի ավտոմեքենա ($52.000) եւ Toyota Land Cruiser 200 4.7 մակնիշի ավտոմեքենա ($95.000):
Եկեղեցին նոր Toyota-ներ եւ այլ ֆիրմաների ներկայացուցչական ավտոմեքենաներ է ձեռքբերել նաեւ անցած տարիներին: Ուշագրավ է, որ Մայր Աթոռի կողմից ձեռքբերվող բոլոր ավտոմեքենաները պետության կողմից ազատվում են ԱԱՀ-ի վճարումից:
Հիշեցնենք, նաեւ որ օրերս Վահրամ Մելիքյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Էջմիածինը միջոցներ չունի ողբալի վիճակում գտնվող Սանահինի վանական համալիրի, ինչպես նաեւ քանդման վտանգի տակ գտնվող այլ եկեղեցիների վերականգնման համար` ավելացնելով, որ այդ հարցում Էջմիածինը կախված է բարերարներից:
Եթե եկեղեցու միջոցներն իսկապես սուղ են, ապա որքանո՞վ է արդարացված, որ այդ սուղ միջոցները ուղղվում են ոչ թե կործանման եզրին գտնվող վանքերի նորոգմանը` թեկուզ մեկ հուշարձան ավելի նորոգելու սկզբունքով, այլ գալիս են Երեւանի կենտրոն եւ դառնում կաթողիկոսական նստավայր կամ հերթական եկեղեցի: Ավելի գերադասելի չէ՞ Երեւանում կաթողիկոսական նստավայրի փոխարեն փողն ուղղել հնադարյա վանքերի պահպանությանը: Իսկ եթե այդ կառուցապատումներն արվում են բարերարների հաշվին, ապա ինչո՞ւ չխնդրել նրանց, որ այդ փողն ուղղեն առավել կարիքավոր ուղղություններով: Որոշակի կասկածների տեղիք է տալիս նաեւ եկեղեցապետերից շատերի շքեղ անձնական կյանքն ու նրանց սպասարկող ծառայական մեքենաների շքեղությունը:



























