Պարբերականը ուշագրավ վերլուծություն է տպագրել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի վերջին հայտարարության վերաբերյալ: Ըստ այդմ. «Ազիմովը, որ շուրջ երկու տասնամյակ սպասում է «իր ժամին», բայց այդպես էլ նախարարական աթոռի չի արժանանում, սովորաբար իր մասին հիշեցնում է այն պահերին, երբ կարգավորման բանակցությունների շուրջը հետաքրքրությունը մեծանում է եւ միանգամից «սառը ջուր լցնում» բոլոր սպասումների վրա: Ազիմովի «էքստրավագանտ» հայտարարություններն, այսպիսով, որոշակի օրինաչափությամբ արտացոլում են Բաքվի իրական տրամադրվածությունը: Ինչպես հայտնի է, Մեդվեդեւի ուղերձի պատասխանն անձամբ Մոսկվա էր հասցրել Էլմար Մամեդյարովը: Հայաստանի դեպքում նման «աշխատանքային այցի» անհրաժեշտություն չեղավ. նախագահի մամլո ծառայությունը պարզապես ծանուցեց, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է Մեդվեդեւին:
Ըստ երեւույթին, այս հանգամանքը պաշտոնական Բաքվի համար անսպասելի էր: Իլհամ Ալիեւի աշխատակազմում, ամենայն հավանականությամբ, փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ է «խախտվել պարիտետը», բայց այդպես էլ բացատրություն չեն գտնում: Իսկ որտեղ տրամաբանությունը կաղում է, այնտեղ անմիջապես առաջնաբեմ է մղվում երեւակայությունը: Ադրբեջանի պարագայում վերջինս սահմանակցում է պարզ խարդախամտությանը: Եվ չնայած նման կեցվածը երբեւէ դրական ոչինչ չի տվել, Բաքվում չեն կարողանում դուրս գալ իրենց համար սովորական գործելակերպի կաշկանդումներից: Արազ Ազիմովն այս իմաստով կարող է համարվել անփոխարինելի: Վերջերս նա հայտարարել է, որ «Հայաստանն Ադրբեջանին դավագրգռում է պատերազմի»: Եվ, իբր, այդ կերպ է միայն հնարավոր, որ «Սերժ Սարգսյանն ամրապնդի իր իշխանությունը»: Դիմանո՞ւմ է տրամաբանության Ազիմովի այս պնդումը:
Ըստ ադրբեջանական քարոզչության` ոչ, քանի որ, ինչպես օրերս քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն էր գրել, «երբ ասում են Հարավային Կովկաս, հասկանում են Ադրբեջան` թե՛ մարդկային, թե՛ նյութական, թե՛ ֆինանսական ռեսուրսների իմաստով»: Ինչպե՞ս կարող է Հայաստանը, որի «բնակչությունը հալվում է աչքի առաջ, որտեղ մարդիկ թշվառ գոյություն են քարշ տալիս, որի բանակում կարգապահությունը զրոյական է», ինչպես օրվա մեջ տասնյակ վարիացիաներով տարփողում է ազերպրոպը, «դավագրգռել Ադրբեջանի նման հզոր պետությանը»:
Եւ ամենաէականը` ինչպե՞ս կարող է պատերազմն ամրապնդել Սերժ Սարգսյանի իշխանությունը, եթե Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում, որ «պատերազմ սկսելուց երկու շաբաթ հետո ոչ միայն «օկուպացված տարածքները կազատագրվեն», այլեւ ադրբեջանական բանակը դուրս կգա Հայաստանի հետ սահանի վրա»:




























