Հայաստանում մի այսպիսի օրենք կա` «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին»: Այն ամենափոքրիկ օրենքներից մեկն է` ունի ընդամենը 4 հոդված, կարծես խորհրդանշելով փոքր բիզնեսի նկատմամբ պետական վերաբերմունքը: Օրենքն ընդունվել է 11 տարի առաջ, բայց դրա որոշ դրույթներ սկսեցին իրագործվել միայն 2010 թ., այն էլ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ:

Օրինակ` 11 տարի առաջ օրենքով նշվել էր, թե փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային քաղաքականություն պետք է իրականացվի, սակայն միայն անցյալ տարի կառավարությունը համարձակվեց մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցողներին ազատել ավելացված արժեքի հարկից: Դժվար է ասել` եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չլիներ, ապա կառավարությունը կգնա՞ր արդյոք փոքր բիզնեսին արմատապես աջակցելու քայլերին:

Այսպես, թե այնպես, հիմա փոքր ու միջին բիզնեսին գերակայություն է տրվում եւ որպես ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու միջոց, եւ որպես հետագա հնարավոր ճգնաժամերին ավելի արդյունավետ դիմագրավելու միջոց: Նշենք, որ փոքր բիզնեսին աջակցելու պետական ծրագրեր կազմելով Հայաստանը բնավ էլ առաջինը չէ աշխարհում:

Համարյա բոլոր գերհզոր երկրներն էլ փոքր բիզնեսին աջակցելու լուրջ ծրագրեր են իրականացնում, անկախ ճգնաժամերի առկայությունից: Մեծ ուշադրություն է դարձվում փոքր բիզնեսի վարկային աջակցությանը, հատկապես բիզնեսն սկսելիս: Նույնիսկ զարգացած ֆինանսական համակարգ ունեցող երկրներում այս խնդիրը առեւտրային բանկերի միջոցով լուծել չի հաջողվում, ուստի ֆինանսական աջակցության պարտավորությունը դրվում է կառավարությունների վրա:

ԱՄՆ-ում այդ գործառույթն իրականացնում է Փոքր բիզնեսի հարցերով ադմինիստրացիան, Ճապոնիայում` Փոքր բիզնեսի ապահովագրական վարկավորման կորպորացիան, Ֆրանսիայում` «Փոքր եւ մանր ֆիրմաների վարկավորում» կազմակերպությունը եւ այլն:

Ըստ պաշտոնական աղբյուրների` Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսին բաժին է ընկնում ՀՆԱ-ի մոտ 43 տոկոսը, ինչը «լավ» ցուցանիշ է եւ համադրելի է եվրոպական երկրների ցուցանիշների հետ:

Բայց չպետք է մոռանալ, որ որակի խնդիր կա` փոքր բիզնեսը Հայաստանում ծավալվում է այն ոլորտներում, որտեղ օլիգոպոլիան իր համար անելիք չի գտնում, իսկ դա հիմնականում առեւտրի ու ծառայությունների ոլորտն է: Այնուամենայնիվ` փոքր բիզնեսը վերջին տասնամյակում ավելի արագ է զարգանում, քան խոշոր բիզնեսը:

Դրա վկայությունն է թեկուզ այն փաստը, որ վերջին 10 տարում իրավաբանական անձանց թիվը Հայաստանում ավելացել է 30 տոկոսով (գրանցված իրավաբանական անձանց թիվը հասել է մոտ 64 հազարի), իսկ անհատ ձեռներեցներինը` 60 տոկոսով (առկա են մոտ 90 հազ. անհատ ձեռներեցներ):

Այսինքն` տնտեսական դաշտը ընդլայնվել է, սակայն այդ ընդլայնումը տեղի է ունեցել ոչ այնքան խոշոր, որքան փոքր բիզնեսի հաշվին:

Վերջին 2.5 տարում պետական խողովակներով փոքր եւ միջին բիզնեսին տրամադրվել է մոտ 200 մլն դոլարի ռեսուրս` հիմնականում վարկերի տեսքով: Սա էապես մեղմել է տնտեսական լարվածությունը, թեեւ փոքր բիզնեսի ֆինանսավորման մատչելիության հարցը օրակարգում է: Խնդիրն այն է, որ վարկային ռեսուրները փոքր եւ միջին բիզնեսին են հասնում առավելապես առեւտրային բանկերի միջոցով` նրանց պայմաններով:

Իսկ դա նշանակում է, որ վարկի տրամադրման ընթացակարգերի առումով էական զիջումներ չկան, թեեւ պետական միջոցների հոսքը նպաստել է տոկոսադրույքների նվազմանը եւ վարկավորման պայմանների որոշ մեղմացմանը: Վարկի տոկոսադրույքների անկումը կազմում է 4-5 կետ` տարեկան 14-16 տոկոսով միջինժամկետ վարկի ստացումն այնքան էլ անիրական չէ, ինչպես 2-3 տարի առաջ: 

Այնուամենայնիվ ընդգծենք. զարգացած երկրները փոքր բիզնեսի ֆինանսական աջակցությունն իրականացնում են շրջանցելով բանկային համակարգը, որպեսզի փոքր բիզնեսին զերծ պահեն ֆինանսական շուկայի իրավիճակային ազդեցություններից: Օրինակ` բանկերը մարզերում մի քանի տոկոսով ավելի բարձր են վարկեր տրամադրում, քան Երեւանում, այնինչ ռազմավարական տեսանկյունից փոքր բիզնեսի զարգացումը հատկապես մեծ նշանակություն ունի հենց մարզերում:

Հայաստանում ստեղծված է Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), սակայն ինչ-ինչ պատճառներով այս խողովակով իրականացվող ծրագրերը ոչ թե ավելացվում են, այլ կրճատվում: Սա թերեւս փոքր բիզնեսին պետական աջակցության չիրագործված ռեսուրսներից մեկն է Հայաստանում:

Սամվել Ավագյան