Այս օրերին խոսվում է ԱՄՆ-ում տեխնիկական դեֆոլտի հայտարարման մասին, գրում է թերթը՝ փորձելով ներկայացնել,  թե ԱՄՆ դեֆոլտն ազդեցություն կունենա՞ Հայաստանի վրա: «Պետք է ասել, որ անպայման կունենա, եւ կլինի բացասական»,-նկատում է «Ազգ»-ը՝ շարունակելով. «Նախ՝ մեր երկրի տնտեսությունը բարձր դոլարիզացված է եւ ԱՄՆ տնտեսության մեջ կատարվող ամեն մի տատանում անմիջապես լուրջ ազդեցություն կունենա առաջին հերթին դոլար-դրամ փոխարժեքի վրա: Ընդ որում, կարեւոր էլ չէ, թե ազդեցությունն ուղղված կլինի դոլարի արժեզրկմանը, թե արժեւորմանը: Կարեւորն այն է, որ տատանումը կլինի կտրուկ, դրանից բխող հետեւանքներով:  Երկրորդ, ԱՄՆ տեխնիկական դեֆոլտի դեպքում ֆոնդային բորսաներում ներկայիս նյարդայնությունը կփոխարինվի խուճապային տրամադրություններով:

Հասկանալու համար, թե դա ինչ է նշանակում, հիշեցնենք, որ 2008-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաճամը, սկսվելով ԱՄՆ անշարժ գույքի շուկայից, միջազգային դարձավ հենց ֆոնդային բորսաներում ստեղծված իրարանցման եւ խուճապի միջոցով: Դրա հետեւանքով ծանր հարված կրեցին մեր տնտեսության այն ճյուղերը, որոնք կախված էին միջազգային շուկայի գներից եւ ֆինանսական հոսքերից: Մեր հանքարդյունաբերությանը հարվածեց մետաղների գների անկումը, իսկ շինարարությանըՙ ֆինանսական «փուչիկի» պայթելը, որի պատճառով ներդրումներն այստեղ դադարեցին: Ներկայումս մեր շինարարությունն այլեւս չունի նախկին ծավալները, բայց հանքարդյունաբերությունը հաստատ կարող է տուժել: 

Հաջորդը մեր արտաքին պարտքին է վերաբերում: Եթե մինչեւ ճգնաժամը արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բավականին բարենպաստ էր, ապա այժմ, ճգնաժամից պաշտպանվելու համար միջազգային ֆինանսական կառույցներից վերցրած վարկերի պատճառով, այդ հարաբերակցությունը վատացել է, եւ նոր պարտքեր վերցնելը կարող է վտանգավոր լինել մեր տնտեսության համար: Դրա այլընտրանքը բյուջեի ծախսերը կրճատելն է, որն էլ սոցիալական լուրջ դժգոհություններ կարող է առաջացնել»:

Նշենք, որ դեֆոլտը լինում է երեք տեսակ՝ՙ 1.տեխնիկական դեֆոլտՙ պայմանագրի պայմանների խախտում, 2.պարտքի սպասարկման գծով դեֆոլտՙ պարտքի փաստացի չվճարում, 3. սուվերեն դեֆոլտՙ երբ պետությունը չի կարողանում վճարել իր պարտքը: