Վարչապետին ներկայացվել են փոքր եւ միջին բիզնեսի մոտ 10 խնդիրներ, որոնք կարելի է լուծել առանց մեծ ջանքերի: Այդ մասին այսօր` հուլիսի 27-ին լրագրողներին ասաց Փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրամի տնօրեն Նաիրա Մայիլյանը:
Ստորեւ ներկայացնում ենք Ն. Մայիլյանի կողմից ներկայացված խնդիրներից մի քանիսը.
1. Հարկավոր է պարզեցնել փոքր ձեռնարկությունների լուծարման գործընթացը: Դա անհրաժեշտ է թեկուզ այն պատճառով, որպեսզի պարզ դառնա փոքր եւ միջին բիզնեսի իրական պատկերը, քանի որ ձեռնարկություններից շատերը գրանցված լինելով տարիներ շարունակ չեն աշխատում: Ըստ Մայիլյանի`հարկավոր է պարզեցնել այն ձեռնարկությունների լուծարման գործընթացը, որոնք գրանցված են, սակայն 5 տարուց ավելի է` չեն աշխատում:
2. Կառավարությունը ներդրել է ձեռնարկությունների գրանցման 1 պատուհանի սկզբունքը, ինչը գործարարների կարծիքով` «մեծ նվեր է», սակայն անհասկանալի պատճառներով 1 պատուհանի սկզբունքից դուրս է մնացել սոցհիմնադրամում հաշվառման համարի ստացումը: Արդյունքում` գործարարը ստիպված է եւս մեկ քայլ կատարել գրանցման նպատակով:
3. ՓՄՁ սուբյեկտները, գործունեության բնույթից ելնելով, հաճախ են կնքում մի քանի վարձակալական պայմանագրեր: Դա պահանջում է բավական բարդեցված ընթացակարգեր` չափագրում նոտարական գրանցում եւ այլն: Թեեւ կառավարության որոշմամբ նոտարական գրանցման պարտադիր պահանջը հանվել է, ըստ տիկ. Մայիլյանի` վարձակալական պայմանագրերը գրանցելու ընթացակարգերը չի կարելի պարզեցված համարել:
4. Օրենքը ՓՄՁ սուբյեկտներից պահանջում է 2012 թ. հունվարի 1-ից էլեկտրոնային ստորագրություններ ունենալ, սակայն դրանք թանկ արժեն` 15 հազ. դրամ: Ի դեպ` հ/կ ներկայացուցիչը տեղյակ չէր պետեկամուտների կոմիտեի այն հայտարարությանը, ըստ որի` էլեկտրոնային ստորագրության արժեքը կնվազեցվի մինչեւ 5 հազ. դրամ:
5. Պետեկամուտների կոմիտեն ՓՄՁ սուբյեկտներին տարբերակում է` ելնելով բացառապես շրջանառության չափերից, այնինչ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքում տրված են այլ չափանիշներ: Ըստ Ն. Մայիլյանի` հարկավոր է նույնականացնել ՓՄՁ սահմանումը բոլոր մակարդակներում:
6. Փոքր բիզննեսին վերաբերող օրենքները ընդունվում են որպես կանոն տարեւերջում, իսկ ուժի մեջ են մտնում հունվարի 1-ից; գործարարները չեն հասցնում ինչպես հարկն է` տեղեկանալ օրենսդրական փոփոխություններից, ինչն էլ կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում: Ն. Մայիլյանի կարծիքով` հարկավոր է օրենքն ընդունելուց հետո առնվազն 3 ամսվա ժամկետ սահմանել:



























