Օգոստոսի 1-ի դրությամբ Սիրիայում տեղի ունեցած անկարգություններից տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ինչպես ավելի վաղ է հաղորդվել, Սիրիայի Համա քաղաքում խոշոր բախումներ են եղել: Համա քաղաքի գրոհի ժամանակ 95 մարդ է սպանվել:
«Զինված խմբերը հրդեհում են ոստիկանական բաժանմունքները, բարիկադներ են կառուցում եւ ավտոմեքենաներ եւ վառում Համայի մուտքերի մոտ եւ փողոցներում: Սիրիական բանակի ստորաբաժանումները քանդում են ապստամբների սարքած բարիկադները»,- Reuters-ը մեջբերել է տեղական SANA գործակալության հաղորդագրությունը:
Տեղացիները հայտնել են, որ հուլիսի 31-ի առավոտյան կառավարական ուժերը սկսել են գրոհը` 4 ուղղություններով տանկեր մտցնելով քաղաք:
Համան բնակչության թվով 4-րդ քաղաքն է Սիրիայում, հակակառավարական ցույցերի կենտրոններից մեկը:
Նշենք, որ Սիրիայում Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ են ապրում, շատերը երկքաղաքացիներ են, ունեն Հայաստանի եւ Սիրիայի անձնագրեր:




























