ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ճիշտ չէ համարում այն պնդումը, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում շարունակում է իրեն նախորդած Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը:
Սերժ Սարգսյանը չի եկել իշխանության «ոչ մի թիզ հող» կարգախոսով, նշել է Կիրո Մանոյանը օգոստոսի 1-ին կայացած աուլիսի ժամանակ: Նրա խոսքով, Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում եւս Ս. Սարգսյանը չի հետեւել Քոչարյանի դիրքորոշմանը: «Մինչդեռ Քոչարյանը երբեք չի խոսել տարածքային հավանական զիջումների մասին: Միգուցե հենց դա է եղել նրա մտքին, սակայն նա երբեք հրապարակային հայտարարություններ չի արել»,-նշել է Մանոյանը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա Մանոյանը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում միակ հնարավոր փոփոխությունը կարող է լինել ղարաբաղյան կողմի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ դա հնարավոր է հայկական իշխանությունների համապատասխան դիրքորոշման պայմաններում, որը կպարտավորեցնի Մինսկի խմբի համանախագահներին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը չի կարող փոփոխվել, բացի այդ ներկայացուցիչներից որեւէ մեկի փոփոխությունը եւս հնարավոր չէ»,-հավելել է Մանոյանը:




























