Քանի որ ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարների զենք է մատակարարում Ուկրաինային, դա լարվածություն է ստեղծում պաշտպանական կապալառուների շրջանում, քանի որ Պենտագոնը պետք է համալրի զենքի պաշարները, գրում է The Hill-ը:
Lockheed Martin ձեռնարկություն նախագահ Բայդենի այցը լուսաբանել է երկկուսակցական կարծիքն այն մասին, որ ապահովումն այն բանի, որ ԱՄՆ-ը կարող է պահպանել իր սեփական մատակարարումները, նույնքան կարեւոր է, որքան ապահովումն այն բանի, որ Ուկրաինան կարող է պաշտպանել իրեն:
Սակայն Վաշինգտոնի սպառազինությունների զինանոցի համալրումը դժվար գործ կլինի, քանի որ փորձագետները զգուշացնում են, որ պաշտպանական արդյունաբերությունը պատրաստ չէ մեծացնել արտադրության ծավալները պատերազմի ժամանակ:
Բայդենի վարչակազմի իշխանության գալուց ի վեր ԱՄՆ-ը 4,6 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային։ Այդ գումարից վարչակազմն օգտագործել է նախագահական լիազորությունները՝ 2021 թվականի սեպտեմբերից Պենտագոնի պահեստներից 3,4 միլիարդ դոլարի զենք տրամադրելու համար:
ԱՄՆ-ի պահուստների համալրումը այն հիմնական հարցերից է, որ Սենատի պաշտպանական հատկացումների ենթահանձնաժողովում տվել են պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին: Պենտագոնի ղեկավարն ասել է, թե «շատ կարեւոր է», որ Վաշինգտոնը չնվազեցնի կարեւորագույն զինամթերքի նվազագույն պաշարները: Նա հավելել է, որ Պենտագոնը խրախուսում է արտադրողներին բացել մատակարարման գծերը՝ արտադրությունն ավելացնելու համար։
Lockheed Martin-ի գլխավոր տնօրեն Ջեյմս Թայկլետն ավելի վաղ ասել էր, որ իր ընկերությունն աշխատում է ընդլայնել զենքերի արտադրությունը:
Բացի 5500 Javelin հակատանկային հրթիռներից, որոնք ԱՄՆ-ն ուղարկել է Ուկրաինա, ընկերությունը նաեւ արտադրում է Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգ եւ Stinger հրթիռների մասեր, որոնք հիմնականում ստեղծվել են Raytheon-ի կողմից։
Պաշտպանական ոլորտը բախվել է նույն մարտահրավերներին, ինչ մյուս ճյուղերը՝ համաշխարհային մատակարարման խափանումների պայմաններում:
Բայդենն ընդգծել է, որ ոլորտում կիսահաղորդչային չիպերի մշտական պակաս կա: Նա նշել է, որ յուրաքանչյուր Javelin հրթիռը ներառում է մոտ 200 կիսահաղորդիչ։
Սակայն ավելի մեծ խնդիրն, ըստ փորձագետների, այն է, որ ռազմաարդյունաբերական բազան արտադրում է այն, ինչ անհրաժեշտ է ԱՄՆ-ին խաղաղ պայմաններում:
Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի (AEI) արտահաստիքային աշխատակից, ավագ գիտաշխատող, պաշտոնաթող գեներալ-մայոր Ջոն Ֆերարին բացատրել է, որ արդյունաբերությունը հակված է սպասել, որ Պենտագոնը համակարգերի ստեղծման պայմանագրեր կնքի:
Խնդիրն ավելի է սրվում նրանով, որ կառավարությունն ավելի շատ հակված է հրաժարվել գնումներից եւ ներդրումներ կատարել հետազոտությունների ու մշակումներին մեջ, ինչը արդյունաբերությանը ազդանշան է, որ մեծ գումարներ չծախսի հնացած համակարգերի վրա:
Պենտագոնի նախկին աշխատակից, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ խորհրդական Մարկ Կանչիանը նշել է, որ սպառազինության յուրաքանչյուր համակարգ, որը պետք է լիցքավորել, տարբերվում է: Որոշ զենքեր կարելի է արագ կուտակել, բայց մյուս զենքերը, ինչպիսիք են «երկիր-օդ» Stinger հրթիռը, որցից ԱՄՆ-ն ավելի քան 1400 հատ ուղարկել է Ուկրաինա, չի արտադրվում, քանի որ բանակը պատրաստվում է այդ զենքերը դուրս գրել:
Հրթիռներ արտադրող Raytheon Technologies-ի գլխավոր տնօրեն Գրեգ Հեյեսն ասել է, որ ընկերությունը չի կարողանա մեծացնել հրթիռների արտադրությունը մինչեւ 2023 թվականը՝ վերակազմավորման եւ մասերի պակասի պատճառով:
Այս ամենը տեղի է ունենում, քանի որ Սպիտակ տունը եւ Կոնգրեսը փորձում են հնարավորինս շատ զենք ուղարկել Ուկրաինա:





























