Հայաստանում հուշարձանների պահպանման համար տարեկան առավելագույնը 1 միլիոն դոլար կարող է հատկացվել, մինչդեռ հարեւան Վրաստանը` պետբյուջեից տարեկան 9 միլիոն դոլար է հատկացնում: Այդ մասին այսօր` օգոստոսի 4-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Հակոբ Սիմոնյանը: Նրա խոսքով, 1 միլիոն դոլարը չնչին գումար է, որը չի բավարարի առաջադրված խնդրի` հուշարձանների պահմանման հարցի լուծման համար:
Ասուլիսի մեկ այլ մասնակից` Հայաստանի մշակույթի նախարարությանն առընթեր պատմական միջավայրի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանի խոսքով, այսօր Հայաստանում ընդհանուր առմամբ 24500 հուշարձան է հաշվվում: «Պետք է առավելագույն միջոցներ հատկացնել նրանցից կարեւորագույնների պահպանության համար, էլ չեմ խոսում մյուսների մասին»,-հայտարարել է նա: Պողոսյանը նշել է, որ պատմա-ճարտարապետական կարեւորագույն հուշարձանների շարքում մեծ թիվ են կազմում հնագույն եկեղեցիներն ու վանքերը:
Երեւանում առկա հուշարձանների մասին խոսելիս Պողոսյանը նշել է, որ ժամանակակից քաղաքաշինության պայմաններում հնագիտական գործոնները առավելի ավերիչ չափերի են հասնում: «Ժամանակին գոյություն ուներ հիասքանչ փաստաթուղթ` Երեւանի պատմամշակութային հուշարձանների ցուցակ: Ցուցակում գրանցված հուշարձաններին չէր կարելի ձեռք տալ շինարարության ժամանակ: Սակայն Երեւանի քաղաքապետարանը, օգտվելով, այն հանգամանքից, որ փաստաթուղթը չի վերացուցակագրվել, այն հայտարարեց չգործող, որից հետո բառիս բուն իմաստով սկսվեց հուշարձանների թաղումը: Ամբողջ հին Երեւանը ոչնչացրին: Քանդեցին քաղաքային Դումայի շենքը եւ կառուցեցին «Կոնգրես» հյուրանոցը: Դրանում ես առաջին հերթին մեղադրում եմ նախկին իշխանություններին, որոնց վարած քաղաքականությունը նման աղետալի հետեւանքներ ունեցավ»,-եզրափակել է նա:




























