Եթե դուք երբեւէ ապրել եք կատվի հետ, ապա գիտեք, որ նրանք գիշերը կարող են աներեւակայելի ակտիվ լինել, հաճախ շրջել՝ երբեք չբախվելով պատերին կամ դռներին:
Հաշվի առնելով գիշերային այս թափառումների ժամանակ բախումներից խուսափելու նրանց կարողությունը՝ կարելի է կարծել, որ կատուներն ունեն գիշերային բնական տեսողություն: Բայց այդպե՞ս է արդյոք:
Ըստ Ֆլորիդայի համալսարանի անասնաբուժական քոլեջի կլինիկական ակնաբույժ Քարին Փլամերի՝ շրջակա միջավայրի լույսի քանակությունն ազդում է այն բանի վրա, թե ինչ կարող է տեսնել մարդը կամ կատուն: Սակայն, համեմատած մարդկանց հետ, կատուները շատ ավելի լավ են տեսնում առարկաները թույլ լույսի ներքո, եւ դա բացատրում է, թե ինչպես են զարգացել նրանց աչքերը:
Ինչու՞ է կատուների մոտ զարգացել նման բացառիկ գիշերային տեսողություն:
«Տեսողությանը հարմարվելը իր միջավայրի հետ տեսակների փոխազդելու անհրաժեշտության ուղղակի արդյունք է,- բացատրել է Փլամերը,- Կատուները գիշատիչ են, այսինքն՝ առողջ մնալու համար նրանք պետք է միս ուտեն: Նրանք չեն կարողանում արտադրել անհրաժեշտ սպիտակուցների մի մասը եւ պետք է դրանք ստանան արտաքին աղբյուրից։ Նրանց պոտենցիալ զոհերից շատերը ակտիվ են գիշերը կամ թույլ լույսի ներքո»:
Սակայն, չնայած այն հանգամանքին, որ կատվի աչքերը նախատեսված են գիշերային զբոսանքների համար, մթության մեջ շրջակա միջավայրում հաջողությամբ կողմնորոշվելու կատուների կարողությունը կախված է ոչ միայն նրանց աչքերի կառուցվածքից: Ըստ Փլամերի, կատուները ապավինում են նաեւ այլ զգայարաններին, ինչպիսիք են սուր լսողությունը եւ հոտառությունը:
Եվ այսպես, կատուները մարդկանցից շատ ավելի լավ են կարողանում թափառել մթության մեջ, բայց երբ խոսքը վերաբերում է տեսողության որակին, նրանք, իհարկե, չեն գերազանցում մարդկանց ցերեկային ժամերին:
Փլամերի խոսքով՝ մարդու եւ կատվի աչքերի միջեւ կան նաեւ այլ տարբերություններ: Օրինակ, կատուները գույնը այլ կերպ են ընկալում, քան մարդիկ:
«Կատուները ֆոտոռեցեպտորների ավելի քիչ բացարձակ քանակ եւ կոնցենտրացիա ունեն, քան մարդիկ, ուստի նրանք չեն ընկալում գույնը այնպես, ինչպես մենք, եւ չունեն մանրամասների թողունակության այն աստիճանը, ինչ մենք ունենք»,- բացատրել է գիտնականը:





























