Ցավոք սրտի մենք գյուղատնտեսության ոլորտում շարունակում ենք անկման դինամիկայի մեջ մնալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մյուս ոլորտներում էական աճ է գրանցվել:
«Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի 0,7 տոկոսի անկում ենք ունեցել; Մեր ամենօրյա աշխատանքներից մեկը պետք է լինի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը
Մեծ հաշվով տնտեսական իրավիճակը մեր երկրում լավ է: 2022-ի սեպտեմբերին մենք արձնագրել ենք 14,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ հունվար-սեպտեմբերին՝ 14,1 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10 տոկոսով, շինարարության ծավալը 14,3 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 14,5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 27,1 տոկոսովէլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 16,9 տոկոսով: Արտահանումն աճել է 63,8 տոկոսով, ներմուծումը՝ 61,6 տոկոսով»,-ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ եթե լավատեսական կանխատեսումներն իրականություն դառնան, ապա, կստացվի, որ միջինում, 2019, 2020, 2021 ու 2022 թվականներին 7 տոկոսանոց աճի տեմպը պահպանվել է։
«Այս տարվա բարձր տնտեսական աճը մեզ համար որոշակի ռիսկեր է առաջ բերում, մենք մյուս տարի այս բարձր տեմպերի վրա պետք է ապահովենք էլի 7 տոկոս տնտեսական աճ, դա մեր հանձնառությունն է», - ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, թե 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանել. «2022 թվականի սեպտեմբերին ունեցել ենք 691 հազար 87 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդից ավելի է 10 հազարով», - նշեց նա։
Ըստ նրա՝ 2018 թվականից ի վեր՝ Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել։





























