Բավարիայի Մանհինգ քաղաքի Հռոմեական-կելտական թանգարանի աշխատակիցները պարզել են, որ մի քանի միլիոն եվրո արժողությամբ 450 կելտական մետաղադրամ են գողացել։
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ «ցուցափեղկը ջարդված է եղել», սակայն չի նշել, թե ով կարող է կանգնած լինել ենթադրյալ կողոպուտի հետեւում, հաղորդում է AFP գործակալությունը:
Մետաղադրամները թանգարանի ցուցանմուշ են եղել։ Հետաքննությունն իրականացնում են Բավարիայի պետական քրեական ոստիկանության մասնագետները։
«Կելտական գանձի կորուստն աղետ է,- ասել է Բավարիայի գիտության եւ արվեստի նախարար Մարկուս Բլյումը,- Որպես մեր պատմության վկայություն՝ ոսկե մետաղադրամներն անփոխարինելի են»։
Իշխանությունները նշել են, որ կողոպուտի պահին հեռախոսային եւ ինտերնետ ծառայություններում ընդհատումներ են եղել:
Քաղաքապետ Հերբերտ Ներբը գերմանական Süddeutsche Zeitung թերթին ասել է. «Նրանք փակել են ամբողջ Մանհինգը: Թանգարանն իրականում խիստ ռեժիմի վայր է։ Բայց ոստիկանության հետ բոլոր կապերը խզվեցին»,- հավելել է նա: Ներբը 450 ոսկե մետաղադրամների կողոպուտը քաղաքի համար «լիակատար աղետ» է անվանել։
Մետաղադրամները հայտնաբերվել են 1999 թվականին եւ թվագրվում են մ.թ.ա. երրորդ դարով:





























