Ղարաբաղյան հակամարտությանը զոհ են դարձել եւ Հայաստանը եւ Ադրբեջանը: Այդ մասին սեպտեմբերի 7-ին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երեւանում անցկացված համատեղ ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ Եվրամիությունը ձգտում է օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տարվող բանակցություններին, որն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Եվրամիությունն ունի փորձ եւ մեխանիզմներ բանակցային գործընթացի մոնիթորինգի եւ պահպանման համար եւ ցանկություն է հայտնում օժանդակել Հայաստանին եւ Ադրբեջանին, քանի որ երկու կողմերին էլ համարում է հակամարտության զոհեր»,-ասել է Լեֆորը:
«Իմ առաջին այցը Հայաստան տեղի է ունեցել 1988 թվին` կապված երկրաշարժի հետ: Ես ծանոթացել են Խորհրդային Հայաստանի պատմության, նրա ձեռքբերումների եւ դժվարությունների հետ: Շատ ուրախ եմ իմ նոր առաքելությունն ստանձնելու առթիվ. Դա ինձ հնարավորություն է տալիս հաճախ այցելել ձեր երկիրը»,-նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Եվրամիության շրջանակներում երկար քննարկումներ են տարվել Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի պաշտոնի պահպանման վերաբերյալ. «Մենք որոշել են պահպանել այն եւ դրան հավելել վրացական ճգնաժամի հարցով զբաղվելու մանդատը: Այդ պաշտոնը շատ կարեւոր է, քանի որ Եվրամիությունը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանին: Տարածաշրջանում առկա է մեծ ներուժ տնտեսական եւ մշակութային զարգացման համար, վերջնական խաղաղության հաստատումից հետո»:




























