Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար խաղաղ բանակցություններից բացի, այլընտրանք չկա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ սեպտեմբերի 7-ին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:
Նախարարը շնորհավորել է հատուկ ներկայացուցչին նոր նշանակման կապակցությամբ եւ մաղթել է պարտականությունների հաջող իրականացում: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ շփումներ է ունեցել Լեֆորի հետ, երբ վերջինս զբաղեցնում էր Ֆրանսիայի ԱԳՆ-ի մայրցամաքային Եվրոպայի հարցերով գերատեսչության ղեկավարի պաշտոնը:
«Մենք օգտագործել ենք այսօրվա հանդիպման հնարավորությունը, որպեսզի քննարկենք Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները, որոնք դրական զարգացումներ են ստանում վերջին տարիների ընթացքում: Մենք անդրադարձել ենք նաեւ Վարշավայում կայանալիք «Արեւելյան համագործակցություն» գագաթաժողովին եւ Հայաստան-ԵՄ ասոցիացիայի վերաբերյալ պայմանագրին»,-հաղորդում է Նալբանդյանը:
Նա հիշեցրել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ ազատ առեւտրի ընդարձակ գոտի ստեղծելու վերաբերյալ: Նախարարը համոզմունք է հայտնել, որ կողմերը կարճ ժամանակահատվածում կարող են համաձայնության գալ վիզային ռեժիմի լիբերացման շուրջ, իսկ հետագայում նաեւ` դրա վերացման շորջ:
«Մենք անդրադարձել ենք նաեւ տարածաշրջանային հարցերին, մասնավորապես Ղարաբաղյան հարցով տարվող բանակցությունների վերջին միտումներին: Ես ողջունել եմ ԵՄ-ի իր դերն ակտիվացնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին օժանդակելու ձգտմանը: ԵՄ-ն բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ այդ հարցի վերաբերյալ, մենք համոզված ենք, որ այդ խնդրի լուծման համար բանակցություններից բացի, այլընտրանք չկա: Ուժի սպառնալիքի եւ դրա կիրառումը կարժանանան միջազգային հանրության քննադատությանը»,-ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը` հիշեցնելով, որ այդ մասին հիշատակումներ են արվել Դովիլում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:




























