Բանակում հանդիպող  անօրինական ու քրեածին երեւույթների կանխարգելման առումով կարեւոր է տեղեկացվածությունը գործող օրենքներին եւ դրանց հստակ կիրառումը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, հայտարարել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը` ԱԺ-ում կազմակերպված աշխատանքային հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ, ՊՆ տարբեր ծառայությունների ղեկավարներ, ՊՆ նախարարին կից հասարակական խորհրդի նախագահը, ՄԻՊ-ի գրասենյակի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, մի շարք  իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք քննարկել են բանակում նկատվող մտահոգիչ խնդիրները եւ դրանց վերաբերող կանխարգելիչ միջոցառումների ընթացքը:

Հրայր Կարապետյանը ներկայացրել է ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունները, որոնք  առնչվում են ներքին կանոնագրքին, զորակոչի մասին եւ զինվորական ծառայության մասին օրենքներին: 

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն իրենց ելույթներում արձանագրել են, որ  նախորդ տարվա համեմատ բանակում թեեւ նվազել են  մահացության ու սպանության դեպքերը, բայց դրանք դեռեւս մնում են մտահոգիչ, ուստի հետեւողականորեն իրականացվում են հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանն ուղղված  աշխատանքներ: Նրանց գնահատմամբ` դրանք առավել արդյունավետ կարող են լինել հասարակական աջակցության պայմաններում:

Իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչների ելույթներն առավելապես վերաբերել են զինվորների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդրմանն ու բանակում տեղի ունեցող արտակարգ դեպքերի ու պատահարների վերաբերյալ  տեղեկատվության բացակայությանը:

ՊՆ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել  ակտիվացնել ՀԿ-ների հետ համագործակցությունը եւ  շարունակական դարձնել նման քննարկումները: