Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը չի մեկնաբանել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու գործընթաց սկսելու Ուրուգվայի մտադրությունը: Ադրբեջանական 1news.az գործակալությունը խնդրել է Ադրբեջանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղարին գնահատական տալ Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարությանն այն մասին, որ բազմամյա հակամարտության լուծման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է:
Այդ խնդրանքին Քիթ Բինը հայտարարել է, որ նրան հայտարարությունները հանդիսանում են Ադրբեջանի եւ Ուրուգվայի միջեւ երկկողմ հարաբերությունների հարց. «ԱՄՆ-ը չի մեկնաբանում երկկողմ երկրների հարաբերությունները»,- ասել է նա: «Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում են, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում) ապահովում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հիմքը»,- հայտարարել է Բինը:
«ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ առաջվա պես պատրաստ է օգնություն ցույց տալ կողմերին խաղաղության ձեռքբերման եւ խաղաղ կարգավորման (հակամարտության) գործին` դրանց սկզբունքների հիման վրա»,- հավելել է ԱՄՆ դեսպանության աշխատակիցը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն, ելույթ ունենալով Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված Ուրուգվայի խորհրդարանական համաժողովին, մասնավորապես ասել էր. «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայաստանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը»։
Ուրուգվայի արտգործնախարարն ընդգծել էր նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչման հարցը։
Հիշեցնենք, որ Ուրուգվայը նաեւ աշխարհում առաջինն է պետականորեն ճանաչել 1915թ. Թուրքիայում հայերի նկատմամբ կազմակերպված կոտորածները, որպես Ցեղասպանություն։



























