Մարտի 1-ի էջը փակելու մասին ԵԽԽՎ հայտարարությունը բառի բուն իմաստով հակահարված էր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով մինչ այժմ ասում էր, որ լուծել է այդ հարցը։ Սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

«Լեւոն Տեր-Պետրոսյանը համարեց, որ լուծել է այդ խնդիրը, սակայն ԵԽԽՎ՝ մարտի 1-ի էջը փակելու մասին երեկվա հայտարարությունը կարծես հասկացրեց, որ, եթե դուք բավարարված եք, մենք էլ բավարարված ենք»,- նկատեց խորհրդարանականը։Հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցի ուսումնասիրության հիման վրա ընդունել է բանաձեւի նախագիծ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին:

«Վերջերս Հայաստանում հայտարարված համաներումը, 2008 թ. մարտյան իրադարձությունների 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությանը նոր ազդակ հաղորդելը և դրա արդյունքում ընդդիմության ու իշխող կոալիցիայի միջև սկսված կառուցողական երկխոսությունը նշանակում է, որ 2008 թ. մարտյան դեպքերի էջը վերջապես կարելի է փակված համարել»,- ասված է նախագծում: