ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետների կողմից վերստուգում է իրականացվել Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրագրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ՝ վերստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ․կատարված վերահսկողության արդյունքում տրված՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ կարգադրագրերը չեն կատարվել։
Ընկերության կողմից շահագործվող շենք-շինություններում դեռ առկա են հրդեհային անվտանգության նորմատիվների այնպիսի խախտումներ ու թերություններ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հետևաբար, նշված հասցեում ընկերության հետագա շահագործումը ենթակա է ամբողջությամբ դադարեցման։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշում։





























