ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիրք նվիրելու օրվա շրջանակում այցելել են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոց։

Նախարարը դպրոցի գրադարանին նվիրել է  բրալյան գրքեր՝ Ստեփան Զորյանի պատմվածքները և աուդիոգրքեր՝ օտար գրողների ստեղծագործություններ, որոնք նախատեսված են դպրոցական ծրագրով ընթերցանության համար։

Նիկողայոս Տիգրանյանի անվան դպրոցի երգչախմբի սաները ներկայացրել են գեղարվեստական միջոցառում։ Երեխաները Գիրք նվիրելու տոնի առիթով նաև գիրք են նվիրել նախարարին և նրա տեղակալին։

Ժաննա Անդրեասյանը զրուցել է ուսուցիչների և երեխաների հետ, հետաքրքրվել, թե որոնք են առաջնային խնդիրները, որքանով են ապահովված անհրաժեշտ նյութերով։ Անդրադառնալով ուսումնական նյութերի և դասագրքերի ապահովմանը՝  նախարարն ընդգծել է, որ առաջիկա սեպտեմբերից բրալյան բոլոր դասագրքերն ու տետրերը կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին կտրամադրվեն պետական բյուջեի միջոցներով։

 «Կարծում եմ՝ վաղուց պետք է դա արված լիներ։ Այդ կարևոր խնդիրը պետական մոտեցմամբ կարգավորվել է, և հույս ունեմ, որ այդ նախաձեռնությունը կնպաստի, որ առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունն առավել արդյունավետ կազմակերպվի»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է ուսուցիչների կատարած մեծ աշխատանքը և շնորհակալություն հայտնել նրանց՝ առանձնահատուկ խնդիր ունեցող երեխաների կրթության առաքելությունը ստանձնելու համար։

«Գիտեմ, որ ուսուցիչների աշխատանքը դժվար է, բայց միաժամանակ՝ շատ կարևոր և պատասխանատու։ Երեխաների մի մասը ոչ միայն սովորում, այլ նաև ապրում է այստեղ, և ուսուցիչն ու դպրոցը ինչ-որ առումով փոխարինում են նաև ընտանիքին՝ տալով սեր և ջերմություն, որը նրանց հիշողության մեջ մնալու է ողջ կյանքում»,- դիմելով ուսուցիչներին՝ նշել է նախարարը։

Լրագրողների հետ զրույցում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանրակրթության համակարգում հատուկ դպրոցների դերը վերաիմաստավորման կարիք ունի։ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված համապատասխան փոփոխություններով հատուկ դպրոցները նախատեսվում է վերակազմակերպել ռեսուրս-կենտրոնների, ինչը կարևոր է համընդհանուր ներառականության անցման համատեքստում։