Արեւմտյան պատժամիջոցների եւ գների շեմ մտցնելու պատճառով Ռուսաստանի եկամուտները նավթի եւ գազի արտահանումից 2023թ. հունվարին, անցած տարվա հունվարի համեմատ, նվազել են մոտ 40 տոկոսով, տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներին։
Այս տարվա հունվարին Ռուսաստանի եկամուտները նավթի եւ գազի արտահանումից կազմել են 18,5 մլրդ դոլար, ինչը 38 տոկոսով քիչ է, քան 30 մլրդ դոլարը, որը Մոսկվան ստանում էր մեկ ամսում՝ մինչեւ Ուկրաինա ներխուժելը, գրել է Reuters-ը։
ՄԷԳ-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլի խոսքով՝ պատճառն արեւմտյան պատժամիջոցներն են ռուսական էներգակիրների արտահանման դեմ։ «Մենք սպասում ենք, որ նավթից եւ գազից ստացվող եկամուտների այդ նվազումն ավելի կտրուկ կլինի առաջիկա ամիսներին։ Եվ էլ ավելի կտրուկ կլինի միջնաժամկետ հեռանկարում՝ տեխնոլոգիաների եւ ներդրումների հասանելիության բացակայության պատճառով»,- ասել է Բիրոլը Reuters-ին՝ ընդգծելով, որ «մեծ յոթնյակի» (G7) մտցրած գնային շեմի պատճառով Urals մակնիշի ռուսական նավթը վաճառվում է մեծ զեղչով՝ Brent մակնիշի նավթի համեմատ։
Կրեմլը, որն անցած տարի նավթի եւ գազի վաճառքից վաստակել էր մոտ 11,6 տրլն ռուբլի (146 մլրդ եվրո), այս տարի ստիպված է վաճառել միջազգային ռեզերվները, որպեսզի ծածկի բյուջեի դեֆիցիտը, նշել է Reuters-ը։





























