Անտառային հրդեհները 2021 թվականին մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի 25 տոկոսի աղբյուր են դարձել։ Այս մասին հայտնում է Կալիֆոռնիական համալսարանը։
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ կլիման աստիճանաբար տաքանում է մարդու գործողությունների պատճառով: Դա հիմնականում պայմանավորված է ածխածնի երկօքսիդի ազդեցությամբ, որը ստեղծում է ջերմոցային էֆեկտ: Որպես դրա դեմ պայքարի հիմնական միջոց՝ գիտնականները, ակտիվիստները եւ քաղաքական գործիչները առաջարկում են արդյունաբերության կողմից արտանետումների կրճատում: Սակայն այդ գազի արտանետումներն արտադրում են ոչ միայն մարդիկ, այլեւ բնական երեւույթներ, ինչպիսիք են հրաբուխների ժայթքումն ու անտառային հրդեհները։
Սթիվեն Դեւիսը եւ նրա գործընկերները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ 2021 թվականին գրանցվել է անտառային հրդեհներից ածխաթթու գազի արտանետումների ռեկորդ։ Նման եզրակացություններ են ստացվել կլիմայական արբանյակների տվյալների վերլուծության ժամանակ, որոնք թույլ են տալիս չափել CO2-ի կոնցենտրացիան, ինչպես նաեւ բարեխառն եւ արեւադարձային գոտու անտառների վիճակը դիտարկելիս։
Գիտնականները համադրել են CO2 արտանետումների ծավալները անտառային տարածքների այրված տարածքների հետ, ինչը նրանց թույլ է տվել որոշել ածխաթթու գազի ծավալները, որոնք ամեն տարի արտադրում էին այդ բնական աղետները: Հաշվարկները ցույց են տվել, որ վերջին 20 տարիների ընթացքում անտառային հրդեհները միջին հաշվով արտանետում են Երկրի մթնոլորտ մտնող CO2-ի ընդհանուր ծավալի մոտ 10 տոկոսը։
Այս կանոնից մեծ բացառություն է դարձել 2021 թվականը, երբ բարեխառն լայնություններում անտառային հրդեհները մթնոլորտ են արտանետել ավելի քան 1,72 միլիարդ տոննա ածխաթթու գազ։ Ինչպես նշում են հետազոտողները, սա նշանակում է, որ հաշվի առնելով այլ կլիմայական գոտիներում բռնկումները, 2021 թվականին անտառային հրդեհներին բաժին է ընկել այդ տարվա ընդհանուր CO2 արտանետումների մոտ 25 տոկոսը, ինչը բացարձակ ռեկորդ է դիտարկումների ողջ ընթացքում:
Միեւնույն ժամանակ, կլիմայագետներն ակնկալում են, որ առաջիկա տարիներին այս ռեկորդը կթարմացվի անտառների առողջության վատթարացման եւ կլիմայի փոփոխության պատճառով:





























