Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է SOCAR-ի մասնակցությունը Իսրայելի ածխաջրածնային ռեսուրսների մշակմանը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալիեւը նշել է, որ երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնվում է, եւ դրանում կարեւոր դեր է խաղում միջկառավարական համատեղ հանձնաժողովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանում ընթանում է տնտեսության արդիականացում եւ կարեւոր է փորձի փոխանակումը տեխնոլոգիաների ոլորտում, ներառյալ կանաչ էներգետիկայի եւ խելացի քաղաքի հայեցակարգերը: Մասնավորապես, Ալիեւը տեղեկացրել է Ալյատայի ազատ տնտեսական գոտու մասին եւ այնտեղ հրավիրել իսրայելական ընկերություններին։ Նա նաեւ ընդգծել է SOCAR-ի մասնակցության կարեւորությունը Իսրայելի ածխաջրածնային ռեսուրսների մշակման գործում: 

Իր հերթին, Քոենը հայտարարել է, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճի տեմպ է նկատվում եւ արձանագրել է դրա հետագա ավելացման լայն հնարավորությունների առկայությունը:

Հանդիպմանն ընդգծվել է տնտեսության, էներգետիկայի, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, ներդրումների, գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, անվտանգության եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման լայն հնարավորությունների առկայությունը: Նշվել է նաեւ, որ Ադրբեջանի համար հետաքրքիր է Իսրայելի փորձը ջրային ռեսուրսների կառավարման եւ ծովային ջրի աղազերծման, անապատացման կանխարգելման, անապատային եւ կիսաանապատային պայմաններում գյուղատնտեսության զարգացման ոլորտներում: