Չինաստանն առաջիկա օրերին տուն կվերադարձնի ԱՄՆ-ում 20 տարի ապրած բարեկամության դեսպանորդ պանդային։ Այս մասին հայտնել է ՉԺՀ անտառային եւ տափաստանային տնտեսության պետական վարչությունը։
Ինչպես ասվում է WeChat սոցիալական ցանցում վարչության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ, էգին ինքնաթիռով կհասցնեն Չինաստանի արեւելք՝ Շանհայ։
Յա Յա անունով պանդան ծնվել է Պեկինի կենդանաբանական այգում 2000 թվականի օգոստոսի 3-ին: 2003 թվականի ապրիլին նրան Լիլի անունով պանդայի հետ տեղափոխել են Մեմֆիսի կենդանաբանական այգի՝ որպես բարեկամության դեսպանորդներ։
Ի սկզբանե ԱՄՆ-ում գտնվելու մասին համաձայնագիրը նախատեսված էր 10 տարով, սակայն 2013 թվականին այն երկարաձգվել է եւս 10 տարով։ 2022 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ ՉԺՀ-ն երկու տասնամյա ժամկետից հետո կվերադարձնի Յա Յային հայրենիք։




























