Եվրախորհրդարանը մինչեւ տարեվերջ հույս ունի հավանություն տալ նոր օրենսդրական նախաձեռնություններին՝ ուղղված ԵՄ-ի շրջանակում նեյրոցանցերի աշխատանքի եւ արհեստական բանականության միասնական կարգավորմանը։ Այս մասին Nikkei թերթի հարցազրույցում, որից մեջբերումներ են ներկայացվել երեքշաբթի, ասել է թվայնացման եւ մրցակցության հարցերի եվրահանձնակատար Մարգրեթ Վեսթագերը։
«Մենք հույս ունենք հասնել համաձայնության այս հարցում 2023թ. երկրորդ կեսին, իսկ հետո սկսել [օրենսդրության] կիրառումը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ նեյրոցանցերի եւ արհեստական բանականության կարգավորումը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ։ Օրենսդրությունը, մասնավորապես, պարտավորեցնելու է ընկերություններին մակնիշավորում կատարել, եթե նրանց տեքստերը կամ պատկերները ստեղծվեն նեյրոցանցերի օգնությամբ։ Իսկ նեյրոցանցերի կամ չաթ-բոթերի ստեղծողներից կպահանջվի սկզբունքների եւ աշխատանքի առանձնահատկությունների պարզաբանում։
Նոր օրենսդրության շրջանակում նեյրոցանցերին՝ արհեստական բանականության հիման վրա, կշնորհվի պոտենցիալ ռիսկի մակարդակ չորս բալանի սանդղակով։ Ամենավտանգավոր նեյրոցանցերը զանգվածային թողարկման դուրս գալուց առաջ կգնահատվեն հատուկ հանձնաժողովի կողմից՝ ԵՄ-ի շրջանակում։ Վեսթագերն ընդգծել է նաեւ, որ մշակող ընկերությունները պետք է նաեւ որոշակի պատասխանատվություն կրեն։ «Անհրաժեշտ են պարզաբանումներ ընկերությունների կողմից, թե ինչու է արհեստական բանականությունն ընդունել այս կամ այն որոշումը եւ ԱԲ-ի հանդեպ ինչ էթիկական պատնեշներ են գործել»,- ասել է նա։ Եվրահանձնակատարն ընդգծել է նաեւ, որ ԱԲ եւ նեյրոցանցերի ոլորտում հետազոտական աշխատանքը չի սահմանափակվի նոր օրենսդրությամբ։





























