Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում 1800 տարվա վաղեմության դիմակ են հայտնաբերել, գրում է Heritage Daily-ն։ Այն պատրաստված է մայրու փայտից։ Դիմակը հայտնաբերվել է պատահաբար Հիգասիոսակա քաղաքում մոնոռելսային ճանապարհի ընդլայնման աշխատանքների ժամանակ:
Արտեֆակտն ունի 30 սանտիմետր երկարություն եւ 18 սանտիմետր լայնություն:
«Կարծում եմ՝ դիմակը ներկայացնում է «տիրակալի ոգին», որը, ինչպես համարվում էր, աստված էր մարդու մարմնում»,- ասում է Կաորու Տերասավան։
Ենթադրաբար այն օգտագործվել է գյուղատնտեսական տոների ծիսական արարողություններում։
Դիմակը պատրաստվել է Յյոյի ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ Ճապոնիան անցել էր նստակյաց հողագործական կենսաձեւի։ Դարաշրջանին բնորոշ հատկանիշներից են կավագործության նոր ոճերը, դաշտերում բրնձի ինտենսիվ մշակումը, ճարտարապետության ոլորտի բարելավումները։ Գտնված արտեֆակտը այս ժամանակաշրջանի փայտե դիմակի երրորդ օրինակն է։ Այն նման է Նարա պրեֆեկտուրայում հայտնաբերվածին։





























