50 գերեզմաններով գերեզմանատուն է հայտնաբերվել Փարիզի կենտրոնում, երկաթուղային աշխույժ կայարանի կողքին, հնագետներն այստեղ պեղումներ էին կատարում շինարարական աշխատանքներից առաջ։
Հազարավոր ուղեւորներ 3 մետր բարձրությունից հետեւում էին 2000-ամյա գերեզմաններին, որոնք վերագրվում են գալլերի-հռոմեացիների Լյուտեցիա քաղաքի տարածքին։ Հին քաղաքը գտնվում էր Սենայի ափին, որտեղ այսօր Փարիզի Աստվածամոր տաճարն է, տեղեկացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։
Տեղանքը, որը հայտնի է որպես «Սուրբ Հակոբի գերեզմանատուն», գտնվել է Լյուտեցիայի հարավում եւ կառուցվել է հռոմեացիների կողմից քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկի երկայնքով։
Հնագետները պեղել են տղամարդկանց, կանանց եւ երեխաների մնացորդներ, որոնք, նրանց կարծիքով, պատկանել են փարիզեցիների կելտական ցեղին, որի պատվին անվանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքը։ Հնագետները հայտնաբերել են նաեւ ապակե եւ խեցե տարբեր իրեր, ինչպես նաեւ զարդեր եւ մետաղադրամներ, որոնք վկայում են այն մասին, որ դրանք պատկանել են երկրորդ դարին։
Պեղումների ընթացքում հայտնաբերվել է առնվազն մեկ կմախք՝ մետաղադրամը բերանում, ինչը վկայում է հնագույն թաղման կարգի մասին, որը հայտնի է որպես «Քարոնի օբոլ»։ Հունական առասպելաբանությունում Քարոնը մահացածների հոգիները Ստիկս գետով ճանապարհում էր ստորգետնյա աշխարհ՝ կաշառքի դիմաց, ուստի մարդիկ մետաղադրամները թաղում էին մարմինների կողքին։
Բոլոր գերեզմաններում չէ, որ մարդկային դիակներ էին. մի փոսն, ըստ երեւույթին, նախատեսված է եղել թաղման նվիրատվությունների համար, այստեղ կային խոզի եւ այլ՝ ավելի փոքր կենդանու մնացորդներ։ Հետազոտողները բոլոր իրերը վերցրել են ուսումնասիրելու համար։




























