Ժամը 8.00-ին Ուզբեկստանում սկսվել է նոր խմբագրմամբ Սահմանադրության հանրաքվեն։ Քվեարկությունն ավարտվելու է ժամը 20.00-ին, տեղեկացրել է Газета.uz-ը։

Բացվել է 10,7 հազար տեղամաս։ Ընտրողների միասնական էլեկտրոնային ռեեստրում  գրանցված է 19,7 մլն քաղաքացի։

Քվեարկությունից առաջ  տեղամասերում երաժշտություն է հնչել։ Ակսակալները դուա են կարդացել՝ երկրին խաղաղություն եւ բարգավաճում մաղթելով։

Տեղամասերում դրված են գործող Սահմանադրությունը եւ Հիմնական օրենքի նոր խմբագրված նախագիծը, ինչպես նաեւ 100 հարցերի եւ պատասխանների ժողովածուն առաջարկվող խմբագրման մասին։ Դրված են վահանակներ փաստաթղթի լրիվ տեքստով։

Ուզբեկստանի նոր խմբագրմամբ Սահմանադրությունում, որը հաստատել է Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդրական (ստորին) պալատը եւ հավանության արժանացել Սենատի (խորհրդարանի վերին պալատ) կողմից, հոդվածների թիվն ավելացել է՝ 128-ից հասնելով 155-ի, սահմանադրական նորմերը՝ 275-ից 434-ի։ Երկրի սահմանադրությունն ընդհանուր առմամբ կթարմացվի 65 տոկոսով։ Լրացումներից են սենատորների թվի կրճատումը (100-ից 65-ի), Ուզբեկստանի նախագահի լիազորությունների ժամկետի երկարացումը՝ 5-ից 7 տարվա, մահապատժի արգելումը, երկրի քաղաքացիներին օտարերկրյա պետությանը հանձնելու արգելքը։

Գործող սահմանադրությունն ընդունվել է 1992թ., անցած ժամանակում երկրի հիմնական օրենքը փոփոխվել է 15 անգամ, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։