ԱՄՆ խոշոր ավիաընկերություններից մեկի՝ American Airlines-ի օդաչուները հավանություն են տվել գործադուլի որոշմանը ճամփորդությունների ամառային ծանրաբեռնված սեզոնի շեմին։ Reuters գործակալությունը նշել է, որ գործադուլի մասին քվեարկությունն անցկացվել է ավիաընկերության ղեկավարության վրա ճնշում գործադրելու նպատակով, որն այժմ օդաչուների հետ նոր աշխատանքային պայմանագրեր է կնքում։

Օդաչուների The Allied Pilots Association (APA) արհմիությունը ներկայացնում է American Airlines-ի մոտ 15 000 օդաչուների շահերը։ Նրանց 99 տոկոսը քվեարկել է արտոնված գործադուլների օգտին, նշվել է արհմիության հայտարարությունում։

Չնայած օդաչուների մեծ աջակցությանը՝ գործադուլի իրականացման շանսերը մեծ չեն, քանի որ աշխատանքային օրենսդրությունն ԱՄՆ-ում դժվարացնում է ավիաընկերությունների աշխատողների գործադուլները։ Իր հերթին, American Airlines ավիաընկերությունը պաշտոնական հայտարարություն է արել, որ հույս ունի օդաչուների հետ կնքել նոր համաձայնագիր առաջիկայում։

Օդաչուները պահանջում են բարձրացնել աշխատավարձը եւ բարելավել աշխատանքի պայմանները, այն դեպքում, երբ ավիափոխադրողներն ամբողջ ուժով փորձում են կոմպլեկտավորել անձնակազմի հաստիքը՝ բավարարելու համար ավիատոմսերի աճող պահանջարկը  կորոնավիրուսի համավարակից հետո։

Ամերիկյան ավիաընկերությունները վերջին 5 տարիներին բողոքում էին օդաչուների անբավարարությունից, բայց իրավիճակը վատթարացավ համավարակի ժամանակ։ Երբ ավիափոխադրումների շուկան 2020թ. փլուզվեց, օդաչուներին սկսեցին խրախուսել, որ շուտ անցնեն թոշակի։ Արդյունքում՝ ավիափոխադրողները զրկվեցին մոտ 1 000 օդաչուից։

Սակայն ավիաընկերությունների որոշ ղեկավարներ նախազգուշացնում են, որ օդաչուների աշխատավարձի զգալի բարձրացումը կհանգեցնի հիմնական ծախսերի աճի եւ կդժվարացնի ճյուղի ճգնաժամի հաղթահարումը համավարակի նախորդ 3 տարիների կորուստներից հետո։

Statista-ի տեղեկատվությամբ՝ American Airlines-ը ԱՄՆ-ում եւ աշխարհում ամենամեծ ավիաընկերություններից է, ունի մոտ 1 500 ինքնաթիռ։ American Airlines-ն ունի մոտ 123 400 աշխատակից։ American Airlines-ի տարեկան եկամուտը 2021թ. կազմել է 29,88 մլրդ դոլար, 2021թ. ընկերությունը տեղափոխել է 165,68 մլն ուղեւոր։ American Airlines-ը թռիչքներ է կատարում 350 ուղղություններով՝ օրական միջինը 6 700 չվերթ իրականացնելով։