Երկիր ներկրվող հումքի եւ պարենի գների կտրուկ աճն առաջ է բերել փոքր ու միջին ճապոնական ընկերությունների ռեկորդային թվով սնանկացումներ, տեղեկացրել է «Նիկեյ սինբուն» թերթը։
2022 ֆինանսական տարում Ճապոնիայում սնանկացել է 463 ընկերություն։ Դա 3,4 անգամ ավելի է, քան 2021 ֆինանսական տարում, երբ գրանցվել էր ընդամենը 136 սնանկացման դեպք։ Միայն մարտին սնանկացել է 67 ընկերություն, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեկ ամսվա համար։
Թերթի կողմից հարցման ենթարկված փորձագեների կարծիքով՝ սնանկացումների ավելացող սպառնալիքը թույլ չի տալիս բարձրացնել աշխատավարձերը փոքր եւ միջին ընկերություններում, որտեղ զբաղված է ճապոնացի վարձու աշխատողների հիմնական մասը։ Այդ պատճառով սպառողական պահանջարկը չի կարող ընդլայնվել եւ էապես դանդաղեցնում է տնտեսական աճը։ Իսկ սպառողական պահանջարկը Ճապոնիայում ձեւավորում է երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 60 տոկոսը։
Հատկանշական է, որ Ճապոնիայում աշխատավարձի աճի տեմպերը հասել են 3,69 տոկոսի, ինչն ամենաբարձր մակարդակն է վերջին երեք տասնամյակում։ Սակայն աշխատավարձերի աճը գրեթե ամբողջովին վերաբերում է խոշոր ընկերությունների աշխատողներին՝ գրեթե չվերաբերելով փոքր ու միջին բիզնեսի ոլորտին։





























