Համաշխարհային տնտեսությունը կարող է բաժանվել թշնամական բեւեռների, կա նման վտանգի աճի միտում, դա վնասակար կլինի բոլորի, ներառյալ Եվրոպայի համար, զգուշացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան։

«Գլոբալ ինտեգրման զարգացման տանսամյակներից հետո առկա է այն աճող վտանգը, որ աշխարհը կարող է պառակտվել թշնամական տնտեսական բեւեռների։ Այս սցենարը վնասակար կլինի բոլորի, ներառյալ Եվրոպայի բնակչության համար»,- նշվել է Գեորգիեւայի հայտարարությունում, որն արվել է Բրյուսելում, տնտեսական համաժողովի շրջանակում։

ԱՄՀ ղեկավարը ընթացիկ իրավիճակը բնութագրել է որպես «վտանգավոր պահ պատմության մեջ» եւ ավելացրել է, որ պառակտման սպառնալիքը մեծանում է համաշխարհային տնտեսության՝ «պատմական չափորոշիչներից ցածր» տեմպերով աճի ժամանակաշրջանի հետ միաժամանակ։

Ապրիլին ԱՄՀ-ն իջեցրել էր 2023թ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 2,8, 2024-ինը՝ 3,0 տոկոսի։ Միջազգային կազմակերպությունում միաժամանակ նախազգուշացրել են, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման հավանականությունը 2 տոկոսից ցածր մակարդակի կազմում է 25 տոկոս, ինչը կրկնակի գերազանցում է նորմը։