Ճապոնիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժից մահացել է մեկ մարդ, ավելի քան 20 հոգի վիրավորվել է, տեղեկացրել է The Associated Press-ը։

6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իսիկավա պրեֆեկտուրայում, Հոնսյու գլխավոր կղզու արեւմտյան ափին, տեղեկացրել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը երկրաշարժը գնահատել է 6,5 բալ եւ տեղեկացրել, որ օջախը գտնվել է մոտ 12 կիլոմետր խորության վրա։

Գրանցվել է ավելի քան 50 բավական ուժեղ հետցնցում, մեկը՝ ուրբաթ օրը, 5,8 մագնիտուդով։

Մեծ թվով մարդիկ վնասվածքներ են ստացել Սուձու քաղաքում (Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու հյուսիսային վերջնամաս), այստեղ է տեղի ունեցել նաեւ ավերածությունների մեծ մասը։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, որն ուրբաթ օրը երեկոյան վերադարձել էր Աֆրիկա եւ Սինգապուր կատարած ուղեւորությունից, ցավակցություն է հայտնել երկրաշարժի զոհերին եւ բնակիչներին կոչ է արել «առավելագույն զգուշություն» ցուցաբերել։

East Japan Railway Co. ընկերությունը տեղեկացրել է, որ Տոկիոն եւ Կանաձավան Իսիկավա պրեֆեկտուրայում միացնող գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր՝ անվտանգության նկատառումներով, բայց այն վերականգնվել է սովորական ռեժիմով։

Միջուկային արձագանքման վարչության տվյալներով՝ շրջանի ատոմակայաններում նորմից որեւէ շեղում չի նկատվել։

Ճապոնիան աշխարհի ամենասեյսմավտանգ երկրներից է։ 2011թ. հզոր երկրաշարժը երկրի հյուսիս-արեւելքում առաջ էր բերել ավերիչ ցունամի եւ ատոմակայանների վթարային անջատում։