Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանն այսօր՝ մայիսի 12-ին, դատական նիստերի դահլիճից դուրս է եկել, նշելով, որ չի պատրաստվում լեգիտիմացնել դատարանի ապօրինի գործողությունները։

Նա դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում պատմեց, որ դատարանը հայտնել է, թե կաշկանդված է ողջամիտ ժամկետներով եւ պատրաստվում է քննարկվել մեղադրյալների խափանման միջոցների հարցը։

Պաշտպանական կողմը չի հասկանում, թե ինչ ողջամիտ ժամկետի մասին է խոսքը. «Քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածով` ունենք քննարկման հստակ հերթականություն։ Նախ պետք է քննարկվի վարույթի մասնակիցների բացարկի, ինքնաբացարկի հարցերը, հետո ընդհատության հարցը, հետո քրեական հետապնդումը դադարեցնող հանգամանքների բացակայության հարցը, հետո միայն խափանման միջոցի հարցը»:

Պաշտպանները միջորդել են նիստը հետաձգել, ինչը, սակայն, դատարանը մերժել է:

Ենոքյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկա րոպեներին արդեն հայտնի կդառնա կալանքի երկարացման որոշման մասին։

Նշենք, որ բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի եւ եւս 12 անձի վերաբերյալ դռնփակ դատական նիստից փաստաբան Միհրան Պողոսյանը տեսանյութ է հրապարակել: Գործը նախագահող դատավոր Արամ Գրիգորյանը փաստաբանին ասել էր, որ դռնփակ դատական նիստերը ձայնագրել չի թույլատրվում, ինչի մասին դատավարության մասնակիցները նախազգուշացվել են: Դատավորի եւ փաստաբանի միջեւ վիճաբանությունից հետո նկատողություն է հայատարարվել Պողոսյանի նկատմամբ եւ նիստը ընդմիջվել է:

Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ),իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։

Մեղադրանք է ներկայացվել նաեւ «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փաստաթղթի կեղծում) եւ եւս 9 անձի: