Թուրքական լիրան դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային ցածր մակարդակի այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի երկար սպասված բարձրացումը չարդարացրեց շուկայի սպասելիքները, այն դեպքում, երբ զարգացող շուկաների արժեթղթերի գինն ընկավ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի արտահայտություններից հետո, տեղեկացրել է Reuters-ը։

Լիրան հասել է նոր ռեկորդային ցածր մակարդակի՝ դոլարի նկատմամբ 24,2-ի, այն բանից հետո, երբ Թուրքիայի կենտրոնական բանկը բարձրացրեց տոկոսադրույքը 650 բազիսային կետով՝ մինչեւ 15 տոկոս, ի պատասխան երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցածր տոկոսադրույքների քաղաքականության։

Բանկը նաեւ հայտարարել է, որ դրամավարկային քաղաքականության խստացումը այսուհետ եւս կուժեղանա այնքան, որքան անհրաժեշտ է, ժամանակին եւ աստիճանաբար, քանի դեռ գնաճի կանխատեսումը զգալիորեն չի բարելավվել։

Թուրքիայի սուվերեն դոլարային պարտատոմսերն իջել են ավելի քան 1 սենթով, այն դեպքում, երբ վարկային դեֆոլտային սվոփներն ավելացել են այդ որոշումից հետո։ Երկրի հիմնական ֆոնդային ինդեքսը բարձրացել է 1,5 տոկոսով։

«Ես ավելի շատ անհանգստանում եմ միջնաժամկետ հեռանկարների համար, որոնք, հավանաբար, կհանգեցնեն լիրայի հետագա արժեզրկման։ Կենտրոնական բանկը խոստացել է աստիճանական մոտեցում խստացմանը, բայց գնաճի բարձր մակարդակը եւ կորսված վստահության վերականգնման անհրաժեշտությունը պահանջում են ավելի վճռական գործողություններ»,- ասել է TS Lombard-ի զարգացող շուկաների մակրոստրատեգիայի գծով տնօրեն Ջոն Հարիսոնը։