«Երեւանշին» ընկերության տնօրեն 68-ամյա Վազգեն Պողոսյանը երբեւէ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ երբեւէ ցուցմունք չի տվել: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, դատարանի բակում դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:
Նշենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանն էր իրավապահներին հայտնել ընտրակաշաքի բաժանման մասին։
Փաստաբանի՝ խոսքով պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ Ծառուկյանի գործով չկա որեւէ ապացույց:
«Երբ համապատասխան փուլը գա, Վազգեն Պողոսյանը կհարցաքննվի, կհետազոտվեն նաեւ նախաքննության ընթացքում տեղի ունեցած առերես հարցաքննությունները: Պողոսյանը երբեւէ Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել: Նրանց միջեւ եղել են առերեսումներ»,- նշեց պաշտպանը:
Խաչատրյանն ասաց, որ պաշտպանական կողմը գործի ամբողջական նյութերին ծանոթանալու հնարավորություն չունի: Ըստ նրա՝ մոտ 55-60 հատոր գործից տրամադրվել է ընդամենը 3-4 հատորը:
«Նախաքննության ընթացքում բացի ԱԱԾ քննիչներից ամբողջ ՀՀ տարածքով քննչական խմբում ներգրավված էին մոտ 100 քննիչ: Այդ 100 հոգանոց քննչական խումբը հարցաքննել է հարյուրավոր անձանց: Այն ժամանակ մեղադրանքը վերաբերում էր ՀՀ ամբողջ տարածքին, հիմա ավելի շրջանակները նեղացված են: Այս ամբողջ ծավալով նյութերին ծանոթ չլինելը մեզ մոտ խնդիրներ է առաջացնում՝ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար»:
Հիշեցնենք, որ մեղադրանքը ներկայացվել է ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
«Ծառուկյանը ո՞ւմ է կաշառք տվել, ամոթ է». Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ դատարանում. նիստը հետաձգվեց





























