Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում հավանություն տվեց ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց միջոցառման շրջանակներում «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ներդրումային ծրագրին:
Ներկայացնելով նախագիծը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ դեռեւս 2022-ի օգոստոսին կառավարությունն ընդունել է որոշում ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագիրը հաստատելու մասին, որի ներքո ներդրողները, որոնք իրենց ներդրումներն անելուց կարիք կունենան որոշակի ենթակառուցվածքների, կկարողանան այդ ենթակառուցվածքային օժանդակությունը ստանալ կառավարությունից, եթե պայմաններին համապատասխանում է:
«Այսօր երկու ծրագիր մենք հաստատում ենք: Դրանցից մեկը «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ներդրումային ծրագիրն է, որով Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ գյուղերում 2088 հա հողամասերում նուշի ինտենսիվ այգի եւ խոշոր ֆերմերային տնտեսություն է հիմնվում: Դա 257,4 մլն դրամի ենթակառուցվածքային օժանդակության ծրագիրն է, որի ներքո կառավարությունը կտրամադրի ոռոգման ջրագիծ եւ պոմպակայան: Այս ծրագրի 1-ին փուլի արժեքը 3,1 մլրդ դրամ է: Նախատեսվում է առաջին 300 հա-ի ներդրումը կատարել: Բնականաբար, որոշ ժամանակ անց ընկերությունը կներկայացնի 1788 հա-ի ներդրումները»,-ասաց նախարարը;
Մյուս ծրագրով, ըստ Քերոբյանի «Ագրոպրո» ընկերության կողմից Արագածոտնի մարզում 90 հա հողատարածքի վրա ինտենսիվ այգու տնկման աշխատանքներն են: Այս ծրագրով պետությունը 1,5 կմ ճանապարհի ասֆալտապատման օժանդակություն է տրամադրում, նաեւ ինտերնետ կապի, բջջային կապի, ոռոգման ջրագծի, խմելու ջրագծի, էլեկտրամատակարարման տրամադրում: Ծրագրի արժեքն է 383,1 մլն դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նուշի այգիների հիմնման արդյունքում առաջին փուլում նախատեսվում է իրականացնել 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, իսկ հաջորդ փուլերի ընթացքում՝ ևս 500 մլն ՀՀ դրամի ներդրում։
Ծրագրի իրականացման առաջին տարում ստեղծվելու են 15 հիմնական և 20 սեզոնային աշխատատեղեր։ Ծրագրի իրականացման հինգերորդ տարում նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել 35 հիմնական և 40 սեզոնային աշխատողի՝ նպաստելով համայնքների զարգացմանը և զբաղվածության ապահովմանը։
Աշխատողների միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է 200 հազար դրամ։
Ծրագրի մրցակցային առավելությունն այն է, որ նուշի լայնածավալ այգիներ ՀՀ-ում գրեթե առկա չեն։ Ծրագրի իրականացումը կմեծացնի այգիների բերքատվությունը, որն էլ իր հերթի կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը և արտահանման ծավալների ընդլայնմանը։





























