Իսրայելը կիրակի օրը բացառել է Երուսաղեմում դիվանագիտական բազայի տեղակայումը Պաղեստինում Սաուդյան Արաբիայի նոր ներկայացուցչի համար, որի նշանակումը տեղի է ունեցել Էր-Ռիադի հետ Իսրայելի պաշտոնական հարաբերությունները շտկելու Վաշինգտոնի փորձերի ֆոնին, տեղեկացնում է Reuters-ը:
Հորդանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Նայեֆ Ալ-Սուդայրին շաբաթ օրը ընդլայնել է իր լիազորությունները՝ ներառելով Պաղեստինում ոչ ռեզիդենտ բանագնացի պարտականությունները: Ամանում նրա դեսպանատան սոցիալական ցանցերում կատարած գրառման մեջ ասվում է, որ նրա պարտականություններն այժմ ներառում են նաև «Երուսաղեմում գլխավոր հյուպատոսի» գործառույթները:
Իսրայելը Երուսաղեմը համարում է իր մայրաքաղաքը, կարգավիճակ, որը ճանաչվել է Միացյալ Նահանգների կողմից այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի օրոք 2017 թվականին, բայց ոչ այլ համաշխարհային տերությունների կողմից: Իսրայելի իշխանություններն արգելում են պաղեստինցիներին դիվանագիտական գործունեություն ծավալել քաղաքում։
Սաուդյան Արաբիան պաշտպանում է պաղեստինցիների իրավունքները և խուսափել է Իսրայելի հետ պաշտոնական կապերից, սակայն ԱՄՆ-ը ցանկանում է առաջ մղել իսրայելա-սաուդական հարաբերությունների կարգավորումը:
«Մենք թույլ չենք տա Երուսաղեմում որևէ դիվանագիտական ներկայացուցչության բացում։ Արդյո՞ք պաշտոնյան ֆիզիկապես ներկա կլինի Երուսաղեմում։ Մենք դա թույլ չենք տա»,- հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը Թել Ավիվի 103 FM ռադիոկայանին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի դեսպանի հանդիպումը Պաղեստինի ներկայացուցիչների հետ։





























