Իրաքի իշխանությունները կիրակի կարգադրել են անջատել Բաղդադում տեղադրված լուսադիոդային գովազդային վահանակներն այն բանից հետո, երբ հաքերին հաջողվել է պոռնոֆիլմ ցուցադրել դրանցից մեկի վրա, հայտնել են անվտանգության ուժերը՝ հայտարարելով կասկածյալի ձերբակալության մասին:
Շաբաթ երեկոյան մի տղամարդու հաջողվել է կառավարել Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում Ուքբա բին Նաֆիյա հրապարակի խաչմերուկում տեղադրված գովազդային էկրանը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով անվտանգության ծառայության անանուն աղբյուրին:
«Հաքերը մի քանի րոպե պոռնոֆիլմ էր ցուցադրում, մինչև մենք կտրեցինք սնուցման մալուխը», - ասել է նա։
Սոցիալական ցանցերում տարածվել է տեսագրություն, որտեղ մեքենաներն անցնում են պոռնոֆիլմ ցուցադրող վահանակի կողքով։
«Այս անբարոյական տեսարաններն իշխանություններին հարկադրեցին Բաղդադում անջատել բոլոր գովազդային էկրանները, մինչ նրանք վերանայում են անվտանգության միջոցները», - պարզաբանել է անվտանգության աշխատակիցը:
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է նաև, որ կասկածյալը ձերբակալվել է:
Ըստ AFP-ի լուսանկարչի, մի քանի վահանակներ, որոնք սովորաբար ցուցադրում են կենցաղային ապրանքների կամ քաղաքական թեկնածուների գովազդները ընտրություններից առաջ, անջատվել են կիրակի առավոտյան:
Իրաքը 2022 թվականին հայտարարել էր, որ պատրաստվում է արգելափակել պոռնոգրաֆիկ կայքերը, սակայն դրանցից շատերը հասանելի են մնացել։




























