Հնագետները Շվեյցարիայում՝ Ալպերի ստորոտում, հայտնաբերել են 2000 տարվա հռոմեական պարիսպների մնացորդներ, գրում է Live Science-ը։
Պատերը, որոնք ժամանակին պաշտպանում էին հռոմեական շինարարական համալիրը, հայտնաբերվել են Շվեյցարիայի կենտրոնական Ցուգ կանտոնի Չամ քաղաքում խիճի պեղումների ժամանակ: Մինչ այժմ հնագետները հայտնաբերել են նաև պատերի սվաղի բեկորներ, երկաթե մեխեր, ոսկու բեկորներ, հնարավոր է՝ զարդեր, ինչպես նաև այնպիսի առարկաներ, ինչպիսիք են թասերը, ջրաղացաքարերը, ապակյա իրերը, սպասքները և կերամիկական սափորները, որոնք կոչվում են ամֆորա։
Գտածոները «հնագիտական սենսացիա» են դարձել տարածաշրջանի համար և կարող են լույս սփռել հռոմեական գործունեության վրա Կենտրոնական Շվեյցարիայում, ասվում է հուշարձանների և հնագիտության գրասենյակի հայտարարության մեջ:
«Պատերի մակերեսը առնվազն 500 քմ է։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե ինչպես են հռոմեացիներն օգտագործել այդ վայրը, ներառյալ՝ դա տեսարանով վիլլա է, թե տաճարի շենք», - ասել է Բեռնի համալսարանի հռոմեական գավառների հնագիտության պրոֆեսոր Քրիստա Էբնոթերը:
Պեղումների ժամանակ հնագետները գտել են այս վայրում բնակվող էլիտայի ապացույցներ, որոնց թվում եղել են հռոմեական ճաշատեսակներ և ապակե անոթներ։ Ամֆորաները, որոնք օգտագործվում էին այնպիսի հեղուկներ պահելու համար, ինչպիսիք են գինին, ձիթապտղի յուղը և ձկան սոուսը, ցույց են տալիս, որ հռոմեացիները առևտուր են արել Միջերկրական ծովի բնակիչների հետ, նշում են փորձագետները:
Հնագետները գտել են նաև մի քանի պղնձե և բրոնզե մետաղադրամներ, այդ թվում՝ մ.թ.ա. 1-ին դարի արծաթե դահեկանը, որը հատվել է Հուլիոս Կեսարի կողմից, որը պատկերում է օձի նման արարածին տրորող փիղ:





























