Կառավարությունը միշտ աջակցել է մեր համայնքներին, այդ թվում Երեւանին, ուստի խնդիրը կառավարությունում չէր, որ այն տարիներին էլ այդքան ակտիվ չէր. Խնդիրը Երեւանի քաղաքապետարանում էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նկատի ունենալով Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին:
«Եվ խնդիրը հիմա էլ քաղաքապետարանում չէ: Բանից պարզվում է՝ խնդիրը հիմա Երեւանում էլ չի, մի 30 մետր հեռու տենց մի տեղ ապրում է»,-ասաց նա:
Սանոսյանը թվարկեց, թե ինչ քայլեր են իրականացվել այս տարիներին, որքան գումարներ են հատկացվել ենթակառուցվածքների կառուցմանն ու վերակառուցմանը:
«Մեր ծրագրերը շարունակելու համար պետք է Երեւանի կառավարումը շարունակել: Այն թիմը, որն այսքանը կարողացել է, պետք է հնարավորություն տալ, որ այդ ծրագրերը շարունակեն: Աշխատող, հաղթող թիմին չեն փոխում, դուք հիմա մարզիչի կարգավիճակում եք եւ հաղթող թիմին չփոխեք»,-ասաց նա:
Նշենք, որ ՔՊ-ի երթը, որը սկիզբ էր առել Էրեբունի թանգարանի մոտից, երկու ժամ անց հասավ Երեւանի քաղաքապետարանի մոտ, որտեղ մեկնարկել է ՔՊ-ի հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:





























