ԱՄՆ հետախուզական հանրույթը փորձում է գտնել ՀԱՄԱՍ-ի գրոհին Իրանի մասնակցության ապացույցներ, տեղեկացրել է CNN-ը։
Չնայած ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը հարձակման «համամասնակից» է, ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ վարչակազմը մինչեւ այժմ ուղիղ ապացույցներ չունի Թեհրանի կապի մասին։ «Մենք ձգտում ենք ստանալ լրացուցիչ տեղեկատվություն»,- ասել է Սալիվանը լրագրողներին։
Հետախուզության, զինվորականների եւ Կոնգրեսի բազմաթիվ ներկայացուցիչներ մասնավոր կարգով CNN-ին ասել են նույնը, ինչ եւ Սալիվանը. չկան ուղիղ ապացույցներ։
Իսրայելական հետախուզությունը նույնպես ուսումնասիրում է նախորդ ապացույցները, CNN-ին տեղեկացրել է բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյան։ «Ես կասկածում եմ, որ Իրանն առհասարակ ոչինչ չգիտեր»,- ասել է նա։ «Մենք տեսել ենք հանդիպումները եւ սերտ համակարգումը նրանց միջեւ»։
Ամերիկյան եւ իսրայելական հետախուզությունը հարձակման մասին նախնական նախազգուշացում չի ունեցել, եւ հիմա Բայդենի վարչակազմը զգույշ է գործում։
ՀԱՄԱՍ-ը որոշակի անկախություն է պահպանում Իրանից։ Թեհրանը չունի խորհրդականներ շրջափակված Գազայում եւ տարածաշրջանային վերլուծաբաններ տեղերում, եւ նա չի ղեկավարում խմբավորման գործունեությունը։
Բայց գրոհի աննախադեպ մասշտաբը հարցեր է առաջացրել այն մասին, թե կարող էր արդյոք ՀԱՄԱՍ-ը այդքան բարդ գործողությունն իրականացնել առանց Իրանի օգնության։
«Մենք շատ ժամանակ եւ ռեսուրսներ ենք ծախսում՝ անհանգստանալով այն մասին, թե ինչ է անում Իրանը, եւ ինչպես դիմակայել այն բանին, ինչ անում է Իրանը»,- ասել է պետդեպարտամնետի ներկայացուցիչը։
2022թ. ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան հրապարակայնորեն հայտարարել է, որ այդ թվականին խմբավորումն Իրանից ստացել է մոտ 70 մլն դոլար եւ այդ փողերն օգտագործել է հրթիռներ ստեղծելու համար։ Պետդեպարտամենտի 2020թ. հաշվետվությունում նշված է, որ Իրանն ամեն տարի մոտ 100 մլն դոլար է հատկացնում պաղեստինյան «ահաբեկչական խմբերին», ներայալ ՀԱՄԱՍ-ը։
ԱՄՆ նախկին պաշտոնատար անձինք ասում են, որ կասկած չկա, որ զենքի վիթխարի ծավալը ձեռք է բերվել Իրանի օգնությամբ։
«ՀԱՄԱՍ-ը այդ հրթիռնները Գազայում չի ստեղծել»,- ասել է պաշտոնաթող գեներալ Ֆրենկ Մակքենզին։ «Դրանք ինչ-որ տեղից վերցվել են։ Եվ դա, անշուշտ, Իրանն է»։
Բայդենի վարչակազմը մի քանի օրվա ընթացքում ձեռնպահ մնաց Թեհրանին դեր հատկացնելուց, իսկ ամերիկյան հետախուզության վերլուծաբանները CNN-ի հետ զրույցում նախազգուշացրել են, որ Իրանի նախկին աջակցությունը խմբավորմանը բավականաչափ ապացույց չէ նրա ուղիղ մասնակցության մասին։
Թեհրանը հերքում է իր մասնակցությունը հարձակմանը, չնայած աջակցում է դրան։ Իսրայելը նույնպես զգուշավորություն է ցուցաբերում։ «Մենք ապացույցներ չունենք», որ հարձակման հետեւում կանգնած է Իրանը, Politico-ին տեղեկացրել է իսրայելցի մայոր Նիր Դինարը։ «Մենք 100 տոկոսով վստահ ենք, որ իրանցիները չզարմացան»։
Սաուդ-իսրայելական բանակցությունների խափանում
Որոշ ամերիկացի պաշտոնյաներ կարծում են, որ Իրանը ինչ-որ մասնակցություն ունեցել է հարձակման պլանավորմանը։ Բայց այս մասնավոր գնահատականները հիմնականում հիմնված են այն համոզման վրա, որ Իրանը փնտրում է Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ փուխր բանակցությունների խափանման ցանկացած հնարավորություն։ Շատերը կարծում են, որ շաբաթ օրվա հարձակումը սպառնալիքի տակ է դրել այդ բանակցությունները։
Այլ վերլուծաբաններ ասում են, որ հավանական է, որ Իրանը կցանկանար հեռու մնալ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի ցանկացած գործողությունից, անգամ եթե նախապես իմանար այդ գրոհի մասին։
«Իրանը տարածաշրջանային պրոքսիներ է հայտնաբերում, իսկ հետո նրանց քաղաքական, ֆինանսական աջակցություն ցուցաբերում անվտանգության ոլորտում, որպեսզի նրանք գերիշխեն իրենց կոնկրետ աշխարհագրական վայրում»,- ասել է Իրանի գծով ԿՀՎ հետախուզության նախկին ղեկավար Նորմ Ռոուլը։
Հնարավոր է, որ Իրանը որոշ օպերատիվ աջակցություն ցուցաբերած լինի գրոհի պլանավորման հարցում, բայց ՀԱՄԱՍ-ին ասել է. «Երբ դա տեղի ունենա, դուք ինքներդ ներկայացեք»,- ասել է Վաշինգտոնի Իրանի գծով մասնագիտացող ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայք Նայթսը։ «ՀԱՄԱՍ-ը, թերեւս, սովորել է որոշ նոր հնարքներ մեկ ուրիշից, եւ դա կարող էին լինել իրանցիները»,- ասել է Նայթսը։
Զարգացող հարաբերություններ
Իրանի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հարաբերությունները զարգացել են երկար տարիներ։ Պատերազմի առաջին օրերին Սիրիայում տասը տարի առաջ ՀԱՄԱՍ-ը եւ Իրանը հակամարտության տարբեր կողմերում էին։
Տարիների ընթացքում նրանք լարված հարաբերություններ են ունեցել՝ առաջնորդվելով երկու տարբեր իսլամական գաղափարախոսություններով՝ սուննիադավան ՀԱՄԱՍ եւ շիադավան Իրան։ Բայց ՀԱՄԱՍ-ը տեսավ, որ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում ընդլայնվում է, որովհետեւ Ամերիկայի դերի նվազումը Մերձավոր Արեւելքում իշխանության վակուում էր ստեղծել, որը Թեհրանը կարողացավ օգտագործել, նշել է Իսրայելի Զինված ուժերի հետախուզության վարչության Պաղեստինի գործերի դեպարտամենտի նախկին ղեկավար Մայքլ Միլշթեյնը։
Թեհրանը բոլորովին վերջերս Իրանի ներսում ավելացրել է ՀԱՄԱՍ-ին ցուցաբերվող օգնությունն ուսուցման գծով։ «Իրանը մեծ ակտիվություն է ցուցաբերել լոգիստիկայի եւ այդ մարդկանց ուսուցանելու հարցերում»,- ասել է մի նախկին պաշտոնյա։
Նայթսի խոսքով՝ շիական Իրանն այժմ սերտ հարաբերություններ ունի սուննի խմբավորման՝ ՀԱՄԱՍ-ի հետ։ Թեհրանը «ՀԱՄԱՍ-ին տրամադրել է բարձրակարգ զինամթերքներ, որոնք անգամ «Հեզբոլլահին» չի տվել»։
Բայց ՀԱՄԱՍ-ը Իրանի պրոքսին չէ, ասել է Միլշթեյնը։ Նա Թեհրանից անկախության զգալի աստիճան է պահպանում, անգամ չնայած այն բանին, որ օգնությունը ընդլայնվել է։
«ՀԱՄԱՍ-ին հարմար է մոտենալ Իրանի հետ»,- ասել է Միլշթեյնը, բայց հարաբերությունները նախկինի պես հիմնականում հիմնված են ռազմական համագործակցության վրա։ ՀԱՄԱՍ-ը ստացել է իրանական զենք եւ ռազմական տեխնիկա, ինչպես նաեւ սովորել է իրանցիներից պլանավորել գործողությունները։ Բայց որոշում կայացնելու իրավունքը ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանն է»։
Մոտիվացիայի որոնումներում
Ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները աշխատում են, որպեսզի հասկանան գրոհ սկսելու ՀԱՄԱՍ-ի անմիջական մոտիվացիան։
Մակքենզին եւ ուրիշներ հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը, ամենայն հավանականությամբ, ղեկավարվել է իր տեղական շահերով ավելի, քան կարգավորման բանակցությունների խափանման որեւէ այլ շահագրգռվածությամբ։ «Ես կարծում եմ, որ ՀԱՄԱՍ-ի հաշվարկները կապված չեն (Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների) կարգավորման հետ։ Դրանք ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի հարաբերություններն են, եւ ոչ թե ավելի լայն հարց, թե «ինչ է սա նշանակում Սաուդյան Արաբիայի համար»։





























